Ավինյանն առաջարկում է բացօթյա առևտրով զբաղվողների համար վարչական շրջաններում տարածքներ գտնել
Ավինյանն առաջարկում է բացօթյա առևտրով զբաղվողների համար վարչական շրջաններում տարածքներ գտնել
Մայրաքաղաքում հաշվետու ժամանակահատվածում բացօթյա առևտրի իրականացման դեպքերով կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 86 արձանագրություն, առգրավվել է 7300 կգ գյուղատնտեսական արտադրանք: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Աջափնյակ վարչական շրջանում կազմվել է 17 արձանագրություն, Արաբկիրում՝ 5, Էրեբունիում՝ 4, Կենտրոնում՝ 26, Մալաթիա-Սեբաստիայում՝ 10, Նոր Նորքում՝ 18, Շենգավիթում՝ 6 արձանագրություն: Քանաքեռ-Զեյթունում բացօթյա ապօրինի առևտրի դեպքեր չեն արձանագրվել:
Նաև զեկուցվեց, որ երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին հերթապահություն է իրականացվում Հանրապետության հրապարակում և դրա հարակից տարածքներում:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց՝ թեև Երևանի քաղաքապետարանը կարևոր գործառույթ է իրականացնում, այդուամենայնիվ, հարցը պետք է նաև այլ կողմից դիտարկել, ապա առաջարկեց քննարկել խնդիրը վարչական շրջանների ղեկավարների հետ և վարչական շրջաններում գտնել հնարավոր շուկաների համար տարածքներ:
«Որովհետև, այնուամենայնիվ, այդ մարդիկ ինչ-որ մի տեղ այդ հնարավորությունը պետք է ունենան (առևտրով զբաղվելու – խմբ.): Եկեք փորձենք այդ հնարավորությունը ցիվիլ և մարդավայել կազմակերպել և ոչ՝ հնաոճ, արաբական բազարի նման»,- ասաց նա: