Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել. մանրամասներ
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նրանց ՔԿ– են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։
«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։
Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:



