Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Զվարթնոց» օդանավակայանն իր պատմության ռեկորդն է սահմանել
Sputnik Արմենիան գրում է․ Ավելի քան 3 միլիոն ուղևոր. «Հոբելյանական»` Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին անակնկալ էր սպասվում։ Նրանք պատկերացում չունեին այն մասին, որ ակամա տոնակատարության մասնակից են դառնալու։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատմության մեջ առաջին անգամ մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք միլիոն ուղևոր է սպասարկվել։ «Հոբելյանական» չվերթը Մոսկվա-Երևան ուղղությամբ է եղել։ Այդ չվերթից օգտվող ուղևորներին անակնկալ էր սպասում՝ քաղցրավենիք, լավ գինի ու հաճելի երաժշտություն։
Ավելորդ է ասել, թե որքան էին հաճելիորեն զարմացել ուղևորները։ Նրանք իհարկե պատկերացում չունեին այն մասին, որ ակամա տոնակատարության մասնակից են դառնալու։
«Դեռ տարվա կեսին նախատեսել էինք, որ տարվա վերջին ուղևորների ռեկորդային թիվ ենք ունենալու։ Տոկոսային հարաբերակցությամբ այն 11%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Անցած տարի 2 միլիոն 693 հազար ուղևոր է սպասարկվել։ Իսկ ընդհանրապես վերջին չորս տարիների ընթացքում «Զվարթնոցի» սպասարկած ուղևորների թիվն աճել է 50%-ով», – լրագրողների հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ ցուցանիշի աճի միտումն ակնհայտ է, ինչը թույլ է տալիս հուսալ, որ եկող տարվա վերջին նոր ռեկորդ է սահմանվելու։
Ուղևորահոսքի աճը, նրա կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի պետհաստատությունները ակտիվացրել են Հայաստանի ճանաչողությանն ու զբոսաշրջային գրավչությանն ուղղված գործողությունները։ Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել՝ որքանով է ուղևորահոսքի ավելացմանը նպաստել Ռուսաստանից Վրաստան չվերթերի դադարեցումը։ Ինչպես հայտնի է, շատ ռուսաստանցիներ դրանից հետո նախընտրում էին Երևանով մեկնել Վրաստան։
2019 թվականի վերջնական վիճակագրությունը կհրապարակվի հաջորդ տարի։ Մինչ տարեվերջ դեռ երկու օր կա, իսկ Ամանորի նախաշեմին ուղևորների թիվն էլ ավելի է աճում։
Աղբյուր՝ armeniasputnik.am