Մամուլ

Ավան-Առինջում հայտնի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda»-ում և «Nissan»-ում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի 1/8 հասցեում ավտոմեքենաներ են այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ, նշված ավտոտեխսպասարկման կետում կայանված «Mazda» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Նիկոլյանն ու Վարազդատ Աթանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոտեխսպասարկման կետի և մոխրի վերածված ավտոմեքենաների սեփականատերերի։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները 2 վարկածի ուղղությամբ են աշխատում․ կամ անհայտ անձը կամ անձինք միտումնավոր հրկիզել են մեքենաները, կամ անզգուշաբար բռնկվել են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում