Մամուլ

«Ավաղ, ամեն ինչ կարելի է վերադարձնել, բացի զոհված հերոսներից». պատերազմը բժիշկ Գևորգ Նիկոլյանի աչքերով

«Ավաղ, ամեն ինչ կարելի է վերադարձնել, բացի զոհված հերոսներից». պատերազմը բժիշկ Գևորգ Նիկոլյանի աչքերով

Արցախյան երկրորդ պատերազմը բժիշկ Գևորգ Նիկոլյանի աչքերով:

-Ամեն անգամ Երևանից Արցախ մեկնելիս՝ կանգ էինք առնում Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, մոմ վառում: Դիտավորյալ ընտրում էինք մեծ մոմեր, որոնք մինչ մենք տեղ կհասնեինք, անընդմեջ կվառվեին: Վառում էինք մեր մոմերը ու մտքներումս ինքներս մեզ խոստանում անպայման ետ վերադառնալ:

Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Գևորգ Նիկոլյանը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է դարձել Ստեփանակերտից Երևան վիրավոր զինվորների տեղափոխման գործողություններին: Գևորգը զուգընթաց նաև մասնակից է եղել Երևանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող բժշկական միջամտություններին:

-Երբ հեռուստացույցով լսեցի, որ պատերազմ է սկսվել, անմիջապես հասկացա, որ պետք է մեկնեմ առաջնագիծ: Արդեն պատրաստվում էի գնալ շտապօգնության կայան կամավորագրվելու՝ առողջապահության նախարարությունից զանգահարեցին և ասացին որ, կամավոր հիմունքներով պետք է մեկնեմ Արցախ,- պատմում է ապագա բժիշկը և հպարտությամբ հավելում, որ այդ օրերին գրեթե բոլոր բժիշկներն ու քույրերը պատրաստակամ են եղել առաջնագիծ մեկնել: Նույնիսկ կային, որ վիճում էին, թե ո՞վ է գնալու, կամ ինչու՞ է այս կամ այն բժիշկը, բուժքույրը երկրորդ անգամ գնում, իսկ ինքը՝ ոչ:

– Այդ օրերի ապրումներս թերևս դժվար կլինի բառերով արտահայտել,- ասում է Գևորգը և իրազեկում,-: Երբ հասանք Ստեփանակերտ, ամեն ինչ խառնվել էր իրար, անկազմակերպ էինք, քանի որ պատերազմը անակնկալի էր բերել բոլորիս: Սակայն կար մեկ զգացողություն, որը հստակեցնում էր իրադրությունը: Դա այն գիտակցումն էր, որ այդ ծանրագույն պահին դու այն մեկն ես, ում կարիքը կա ռազմի դաշտում, որ ինչ-որ մի զինվոր քեզ է սպասում, որ դու իրեն պետք ես:

Այնպես է պատահել, որ օրական երկու անգամ գնացել-եկել ենք: Մինչև հինգ-վեց զինվոր տեղափոխել ենք՝ կախված ստացած վնասվածքների ծանրության աստիճանից: Եղել են վիրավոր զինվորներ, որոնց մի կերպ ենք համոզել մեզ հետ հիվանդանոց գալ,-շարունակում է պատմել Գևորգը և հատկանշում այն փաստը, որ վիրավոր զինվորներից և ոչ մեկը չի մտածել իր մարտական դիրքը լքելու մասին:

gevorg nikolyan

– Նրանք, ովքեր քիչ թե շատ ի վիճակի էին շարունակել մարտը, մեզ խնդրում էին բժշկական միջամտությունը տեղում կատարել, որպեսզի կարողանային շարունակել իրենց կռիվը: Շատ դեպքերում էլ խնդրում էին հեռու չտանել, որպեսզի կարողանային ետ վերադառնալ: Ըստ նրանց՝ թեկուզ և վիրավոր վիճակում ընկերներին թողնելը դավաճանության նման մի բան էր:

Մենք՝ բուժանձնակազմս, հոգեբանորեն շատ ծանր վիճակում էինք: Մինչ Երևան հասնելը ճանապարհին շատ հաճախ բառ չէինք փոխանակում միմյանց հետ: Զգում էինք, թե ինչպես տղաները ավելի շատ էին տանջվում իրենց դիրքերն ու մարտական ընկերներին թողնելու ապրումներից, քան մարմնական վերքերից: Նրանց միտքը դեռ կռվի դաշտում էր, ընկերների հետ: Մեր տղերքը կյանքի գնով պահում էին հող հայրենին,-պատմում է բժիշկը:

Պատերազմական թեժ օրերի դեպքերով տպավորված, Գևորգը կիսվելով մեզ հետ, վերհիշում է, թե ինչպես ամեն անգամ ապշել է զինվորների կամային դրսևորումներից:

– Քուն հասկացողությունը չկար, այո, այո, ուղղակի չկար,- նկարագրում է այդ օրերը Գևորգը ու շարունակում: – Մի անգամ հիվանդանոցում հերթապահությունը հանձնելուց հետո գնացի Ստեփանակերտ: Ծանր այրվածքային վիրավորում ստացած զինվորներ պիտի տեղափոխեինք: Հոգնած էի, ճանապարհին աչքերս իրենք իրենց փակվում էին: Զինվորներից մեկի աչքից չվրիպեց իմ հոգնած լինելը և կարեկցանքով հարցրեց ՝ բժիշկ, ինչպե՞ս ես: Հանկարծակիի գալով պատասխանեցի, որ լավ եմ: Նա համառորեն ինձ փորձում էր ներքաշել զրույցի մեջ:

-Տեսնում եմ, որ չեք քնել գիշերը, քնեք էլի,- թախանձագին ասաց նա: Ապշելու բան էր: Դեռ անփորձ, կյանք չտեսած ղինվրները կյանքի իմաստը բովանդակող օրինակներ էին դարձել, այսպես նրանք իրենց կերպարներում անձնուրացություն ու հայրենասիրության էին մարմնացնում: 18 տարեկան առյուծասիրտ այդ տղաների մեջ աննկարագրելի ուժ կար,- իր հիշողությունների կծիկը ետ տալով տպավորված նշում է Գևորգը:

-Պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանում կորոնավիրուս հիվանդությունը ավելի էր ուժգնանում: Պատահում էր, որ առաջանում էր մահճակալային խնդիրներ, բայց որոշումը մեկն էր ՝ եթե կար ազատ մահճակալ, ուրեմն այն վիրավոր զինվորինն էր: Հիվանդներից շատերը հրաժարվում էին բուժումը հիվանդանոցում անցկացնել ու նախընտրում էին այդ ամենը տան պայմաններում կազմակերպել, որպեսզի չզբաղեցնեն ազատ մահճակալները,- տեղեկացնում է Գևորգ Նիկոլյանը:

– Հայոց ազգը մի զարմանալի հատկանիշ ունի, օրհասի պահին բռունցքվում է ,- ասում է նա: – Մենք այդ օրերին առավել միասնական ու համախմբված էինք, քան երբևէ: Սահմանում կռվող հայ մարտիկը պատրաստ էր անմահանալ հանուն հայրենիքի: Իսկ թիկունքում ողջ ազգն էր, որ օր ու գիշեր ջանասիրաբար հանգանակություն էր հավաքում (գումարի, հագուստի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների տեսքով), որպեսզի սատարի իր զինվորին: Տղերքը առաջնագծում էին մարտնչում, ազգը՝ թիկունքում:

-Վիրավոր զինվորներին տեղափոխելիս՝ ճանապարհին ժամանակ առ ժամանակ կանգ էինք առնում, որպեսզի ջուր և ուտելիք գնենք նրանց համար,- մտաբերում է Գևորգը: – Մեր հայրենակիցները տեսնելով շտապօգնության մեքենան ՝ արագորեն գալիս էին դեպի մեզ ու կամենում օգնություն ցուցաբերել: Օգնում էին ինչով կարող էին, բենզին էին տալիս, ուտելիք, ջուր:

Այն հարցին, թե պատերազմի ժամանակ երբևէ եղե՞լ է պահ, որ բժիշկը զղջացել է իր ընտրած մասնագիտության համար, նա այսպես պատասխանեց.

-Փոշմանել եմ միայն մի բանի համար, որ ավելի շուտ չեմ ընդունվել բժշկական համալսարան, ավելի բարձունքում չէի, որ ավելին կարողանայի անել: Խուճապ չի եղել, բայց վախ եղել է: Դա էլ այն բանի համար, որ գիտես, զինվորի կյանքը քեզ է վստահված և դու սխալվելու իրավունք չունես: Այդ պահին դու ես և որոշում կայացնողը և գործողություն կատարողը: Եթե քեզ կորցնես, պարզ է, կձախողվի: Պետք է հնարավորինս սառը դատես, որպեսզի խնդիրների լուծումը ճիշտ լինի:

Բժիշկ լինելը մասնագիտություն չէ, այլ ՝ պատիվ,- հպարտորեն հավելում է Գևորգը:

– Ի դեպ, եղբայրս էլ է մասնակցել մարտական գործողություններին,- նշում է նա ու շարունակում: – Եղբայրս ռազմիկ էր, ես՝ սպիտակ բանակի ներկայացուցիչ: Ամեն անգամ, երբ գնում-գալիս էի , նաև եղբորս համար էի մտահոգ , որպեսզի նրանից լուր իմանամ: Ամեն օր սպասում էի, որ մի տեղից կզանգահարեն և կասեն՝ եղբայրդ այստեղ է: Եղել է դեպք, երբ զանգել և անուն են ասել, գնացել եմ, ինքը չի եղել: Աշխարհով մեկ եմ եղել, բայց միևնույն ժամանակ կոտրվել եմ: Մեկ տան տան ճրագ էլ հանգեց:

– Հոկտեմբերի վեցն էր, հայտնվել էինք ռմբակոծությունների տակ,- շարունակում է պատմել Գևորգը: – Մեքենայում վեց վիրավոր կար: Զինվորներից մեկը ծանր վնասվածքներ էր ստացել, երկար սպասել չէինք կարող: Որոշեցինք գնալ Գորիսի հիվանդանոց: Չգիտեմ պատահականություն էր, թե ճակատագիր , գտա եղբորս՝ վիրավորում ստացած: Երկու օր մնացի, որպեսզի խնամեմ: Բայց և անհանգիստ էի, որ չեմ գնում առաջնագիծ: Անցավ երկու օր, գնացի ու այն համոզումով, որ ավելի շատ զինվորների կարողանամ օգտակար լինել: Ես միշտ ասում եմ՝ 44 անգամ վերածնվել եմ:

-Պատերազմը իմ կյանքում շատ բան փոխեց,- ասում է Գևորգը,: – Ես հասկացա , որ եթե կա խնդիր , ուրեմն կա և լուծում: Նպատակը ուժ է ծնում՝ խնդիրները հաղթահարելու ճանապարհին: Այդ օրերին պաշտոն հասկացողություն չկար, բոլորս հավասար էինք, հնարավոություններն էին տարբեր: Վստահորեն կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք:

Պատերազմի ավարտից հետո գնացել եմ Վարդենիս, Սիսիան Գորիս,- շարունակում է իր միտքը Գևորգ Նիկոլյանը: – Զինվորների տրամադրվածությունը մարտական էր, ու սա գալիս է ասելու, որ հաղթել ենք: Իսկ հետոյի մասին բոլորովին խոսք չկա, որ հաղթելու ենք : Ամենքի մտքում ու սրտում մեկ ցանկություն է ՝ կորցրածը ետ բերելու ցանկություն:

Ավաղ, ամեն ինչ կարելի է վերադարձնել, բացի զոհված հերոսներից: Մարդկային կյանքը անվերադարձ է: Իսկ ինչ վերաբերում է հողին, գույքին, հավատացած եմ, ամենը ետ կբերենք: Ես իմ ժողովրդին առողջություն եմ մաղթում ու սա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Եթե կա հոգեբանական առողջություն, կլինի նաև՝ մարմնական: Նոր հաղթանակի օրը անպայման կգա,- ահա այս խոսքերով մեզ հետ իր զրույցը վերջացրեց ապագա բժիշկ Գևորգ Նիկոլյանը:

Հեղինակ՝ Սիլվա Վարդերեսյան

Կիսվել