Ավազով բարձված «Կամազը» Հերացիից Խանջյան թունելի հատվածում շուռ է եկել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։
Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարին փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը վարորդն է եղել, իսկ պարեկային ծառայությունը ունի նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, ինչը պարզվում է։