Մամուլ

«Ավագ դպրոցը ոչինչ չի տալիս երեխաներին, բայց խլում է երեք տարի». Կարին Տոնոյան

«Ավագ դպրոցը ոչինչ չի տալիս երեխաներին, բայց խլում է երեք տարի»։ Կրթական խնդիրների, «Հայ ասպետ» դպրոցի և հեռուստաեթերում առկա բացերի շուրջ Newarmenia.am-ը զրուցել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի հետ:

-Տիկին Տոնոյան, ի՞նչ սկզբունքների հիման վրա պիտի կառուցված լինի կրթական համակարգը, ի՞նչ շահ պիտի հետապնդի:

-Կրթությունը չպիտի լինի զուտ ինֆորմացիա կամ միջոց հետագա քայլերի համար՝ մասնագիտություն ընտրելու, բուհ ընդունվելու: Շատերի համար գուցե աբսուրդային հնչի ասածս, բայց ես կուզեի, որ երեխան իր ստացած ինֆորմացիայից արժեք ստեղծի իր համար: Այսօր, օրինակ պատմություն առարկան անցնում են որպես զուտ տեղեկատվություն՝ երբ, ինչ է եղել, իրենք իրենց այդ պատմության մեջ չեն տեսնում, և որ ամենակարևորն է այդ պատմության մեջ պատասխաններ չեն փորձում գտնել, որովհետև իրենք հարցեր էլ չունեն այդ պատմությանը: Այնինչ, ժամանակակից ցանկացած հարցի պատասխանը կա այդ պատմության մեջ, և եթե մենք կարողանանք երեխաներին սովորեցնել հարցերի պատասխանները փնտրել պատմության մեջ, իրենք շատ ավելի քիչ կսխալվեն, կսովորեն պատմությունը որպես սեփական կենսափորձ օգտագործելու արվեստը:

Քրքրե՛ք մեր ամբողջ պատմությունը, կտեսնեք, որ մենք միշտ հաղթել ենք միայն այն դեպքում, երբ Հայկ Նահապետի նման ըմբոստացել և համարձակություն ենք դրսևորել: Երբ որ սկսել ենք շահարկել, մենք տուժել ենք: Ես սրանք օրինակներով բացատրում եմ երեխաներին, նրանք զարմանում են և գտնում են ճշմարտությունը պատմության մեջ: Կուզեի, որ այսպիսին լինեին դասերը՝ գրականության, պատմության..:

«Ես ուզում եմ, որ կրթությունը երեխաների հոգում արժեք ստեղծի»:

Եթե անդրադառնանք բնագիտականին, օրինակ՝ ֆիզիկային, ինձ համար մեծագույն աղետ է, որ այսօր մեր դպրոցում երեխաները չեն ընկալում ֆիզիկայի արժեքը: Ֆիզիկների երկիր Հայաստանում, երեխաների մոտ չես կարողանում ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Այսօր, բազմաթիվ կազմակերպություններ և դրսից ստեղծված դպրոցներ Հայաստանից տանում են դեռ պատանի, լուսավոր միտքը, և Հայաստանն էլ մնում է միջին մակարդակի հույսին: Իսկ այն փոքր մասը տաղանդավոր երեխաների, որոնք մնում են, նրանց համար էլ չկա ասպարեզ:

Այս տարի մենք բացել ենք «Հայ ասպետ»-ի ավագ դպրոցը, և աշակերտների հետ նպատակ ենք դրել, որ առանց լրացուցիչ պարապելու բուհ ընդունվեն: Եթե ինչ որ մեկը լրացուցիչ պարապի հեռացվելու է դպրոցից: Որովհետև ես ուզում եմ փորձել, արդյո՞ք հնարավոր չէ, որ դպրոցի սովորածով երեխան ընդունվի բուհ: Եթե չստացվեց, ես կփակեմ ավագ դպրոցը, որովհետև դա կդառնա ինքնանպատակ:

«Արդեն մի քանի տարի է, ինքնախաբեությամբ ենք զբաղված կրթական համակարգում. մենք ավագ դպրոց ենք հայտարարել, որը ոչինչ չի տալիս երեխաներին, բայց խլում է երեք տարի»:

-Անդրադառնանք գիտելիքի մատչելիության խնդրին. առկա է դասական մոդելը, որը կիրառվում էր ԽՍՀՄ-ում, և նոր՝ արևմտյան մոդելը,  ու մենք էլ կարծես դրան ենք գնում: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրանցից ավելի արդյունավետ:

– Սկսենք սովետական կրթակարգից, որն ավելի շատ դրական կողմեր ուներ, քան՝ բացասական, սակայն մենք կարևորելով միայն բացասականը հրաժարվեցինք այդ կրթակարգից: Մինչդեռ հիմա Անգլիան որդեգրել է սովետական կրթակարգը, որը համարվում էր աշխարհում լավագույններից, որովհետև ամեն դետալի վրա աշխատել էին լրջագույն ինստիտուտներ, լրջագույն մասնագետներ: Տարիներով մշակված ծրագիր էր դա: Մենք, երևի Արևմուտքի ազատականությանը տուրք տալով, փորձեցինք որդեգրել արևմտյան կրթակարգը, բայց հաշվի չառանք, որ ազգային ինքնատիպությունը շատ կարևոր է: Իվերջո, մենք մի բան պիտի հասկանանք, որ ինչպես յուրաքանչյուր անձ, այդպես էլ յուրաքանչյուր ազգ ունի իր տեսակի դրսևորման ձևերը: Մենք այն ժողովուրդն ենք, որ անգամ պետականություն չունենալու պարագայում, ունեցել ենք հզոր կրթական համակարգ: Թուրքիայի ծանր ճնշման տակ մեր ժողովուրդն ունեցել է օրիորդաց վարժարաններ, հզոր դպրոցներ (Սանասարյան, Սանդղյան): Չէր կարելի՞ նրանց կրթակարգերը վերցնել, ուսումնասիրել և դրանցից ստեղծել մերը: Ուրիշինը ինչքան էլ լավը լինի, դա ուրիշինն է:

-Անդրադառնանք Ձեր գործունեության առանցքային ճյուղերի մեկի՝ «Հայասպետ»դպրոցի գործունեությանը: Ինչո՞վ է տարբերվում Ձեր դպրոցը, ի՞նչ առաջնային խնդիր է դրել իր առաջ:

-«Հայ ասպետ»-ում մենք փորձում ենք ազգային կրթական ավանդույթների վրա հենված՝ ստեղծել նոր, ժամանակակից ազգային դպրոց: Կասեք, ազգայինը հիմա դարձել է հակադրում ժամանակակից մարդու կերպարին, բայց այո՝ ազգային, որովհետև մարդը կրթվում է ինչ որ բան անելու համար, իսկ մեզ համար, համար մեկ անելիքը ո՞րն է. պահպանել մեր տեսակը, որովհետև բնության մեջ ինչ որ ստեղծել է Աստված պայքարում է իր տեսակի պահպանության համար: Կյանքի իմաստը, գեղեցկությունը այդ բազմազանության մեջ է:

«Մենք պետք է ստեղծենք մեր տեսակի պահպանության համար կառուցված հզոր դպրոց, որի շրջանավարտը պետք է լինի արժանապատվությամբ լի, նախ իր ազգային արժեքները իմացող, գնահատող, ապա՝ համամարդկային»:

Որովհետև, ստեղծված յուրաքանչյուր համամարդկային արժեք ի վերջո, խիստ ազգային է: Քանի որ դա չի արվում, մենք փորձել ենք դպրոցի մակարդակով անել: Մեր իսկ գործունեության և անցյալի փառահեղ փորձի հետազոտության վրա, մենք ճանապարհի սկիզբը կդնենք, մեզանից հետո եկողները ավելի լավը կանեն:

-Ո՞վ է Ձեր հիմնած դպրոցի հաճախորդը, թիրախային կոնտինգենտը, և ի՞նչ որակներով ու ի՞նչ  խնդիր լուծելու տեսլականով է դուրս գալիս: 

-«Հայ ասպետ» գալիս են նրանք, ովքեր այսօր ուզում են լավ կրթություն ստանալ, գալիս են նաև «Հայ ասպետ»հեռուստախաղի բրենդի հետևից, ոչ ոք չի կարող ժխտել, որ «Հայ ասպետ»-անունն արդեն բրենդ է, հեռուստախաղի թողած ժառանգությամբ դպրոցը բրենդային է համարվում և մարդիկ հաճախ գալիս են այդ անվան հետևից, գալիս են նաև մարդիկ, որոնք որևէ կապ չունեն այն գաղափարախոսության հետ, որը մեր դպրոցը կիրառում է: Բնականաբար, այդպիսի մարդիկ իրենք են գնում մեզանից, մենք ենք հրաժարվում իրենցից: Շատ կարևոր է համակարգ ստեղծելը, եթե դու առողջ համակարգ ես ստեղծում հստակ գաղափարախոսությամբ, պահանջներով, ապա նա ով չի կարող այնտեղ ապրել, շատ արագ հասկանում է, որ դա իր տեղը չի կամ հակառակը, մենք ենք հասկանում, որ նա չի դառնալու այն աշակերտը, որ պիտի մեր մոտից դուրս գա, մենք ենք հրաժարվում:

Նախորդ տարի մենք  յուրաքանչյուր դասարանից  3-7 աշակերտ ենք հեռացրել: Սա մասնավոր դպրոց է, բայց մեր աշակերտը մեզ համար գումար վաստակելու միջոց չէ: Մեր աշակերտը մեր վաղվա վարչապետն է, նախարարն է, երկիր շենացնողն է:

-Ինչպիսի՞ն է աշակերտների՝ գիտելիք ստանալու հարցում շահագրգռվածությունը, արդյո՞ք այդ խնդրի լուծումը միայն  կրթական դաշտում է ու ի՞նչ եղանակներով պետք է լուծել այն:

-Միայն կրթական դաշտը շատ քիչ է աշակերտի մեջ կրթության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար: Այսօր ամեն ինչ արվում է, որ մարը սպառող դաստիարակվի: Մենք ուղիղ հակառակն ենք անում, ճգնում ենք, որ մեր աշակերտին մտածող, վերլուծող և որոշում կայացնող դաստիարակենք: Մենք նրանց բերում ենք այն գիտակցությանը, որ իրենք ուզեն կրթվել, դառնան պահանջատեր գիտելիքի հանդեպ: Ուսուցիչն էլ արժևորվում է, որովհետև դառնում է տվողը՝ ոչ թե հարկադիր կատարողը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել