Աստված չանի, որ իմ որդին, իմ հայրենակիցների որդիները, շարքային ադրբեջանցիների որդիները մահանան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր որդու ծառայելու ցանկությունը խաղաղասեր, այլ ոչ թե ագրեսիվ ժեստ է։ Այս մասին նա ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Լրագրողի այն հարցին` արդյո՞ք վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, ծառայում է Արցախի առաջնագծում, Փաշինյանը դրական պատասխան է տվել։
«Ինչու՞ եք նրան այնտեղ ուղարկել։ Չէ՞ որ դուք որպես վարչապետ կարող էիք այլ տեղ տեղավորել։ Օրինակ` ռազմական կցորդ Զիմբաբվեում», – հարցրել է Ալեքսեյ Վենեդիկտովը ՀՀ վարչապետին։
Ինչին Փաշինյանը կատակով պատասխանել է, որ ցավոք, Հայաստանը Զիմբաբվեում դեսպանատուն չունի, հենց այդ պատճառով էլ ինքը չի կարողացել այդպես չի վարվել։
Նրա խոսքով` Աշոտ Փաշինյանի բանակ գնալու փաստը շատերը որպես ագրեսիվ ժեստ են մեկնաբանում, սակայն իրականում հակառակն է։
«Դա խաղաղասեր ժեստ է։ Կարծում եմ` բոլորս էլ հասկանում ենք, որ երբ ես որդուս Արցախ եմ ուղարկում, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի։ Ու աստված չանի, որ իմ որդին, իմ հայրենակիցների որդիները, շարքային ադրբեջանցիների որդիները մահանան… Ինձ համար դա իհարկե խնդիր է, ես չեմ ուզում որ այդպիսի բան լինի», – ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ ուրախ կլիներ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես իր որդուն ծառայության ուղարկեր։
«Մենք բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը նույնպես չի ուզի, որ իր որդին զոհվի», – նշեց նա։
Փաշինյանը խոստովանել է, որ դա նրա կողմից որպես խաղաղասեր ժեստ կընկալվեր։
Աղբյուր՝ Sputnik Արմենիա