Մամուլ

«Աստղիկ» ԲԿ-ի պարզաբանումը նորածնի մահվան վերաբերյալ

Բժիշկները պայքարել են երկուսի կյանքի համար էլ, բայց, ցավոք, հաջողվել է փրկել միայն մոր կյանքը: Այս մասին նախօրեին գրանցված նորածնի մահվան վերաբերյալ NEWS.am- Medicine-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Աստղիկ» բժշկական կենտրոնից։

«Հղին գտնվել է հսկողության տակ, նախատեսված է եղել բնական ճանապարհով ծննդաբերություն։ Ծննդաբերությունն ընթացել է հարթ, սակայն ճիգային շրջանում զարգացել է շատ հազվադեպ հանդիպող բարդություն, որը վտանգավոր է եղել ինչպես նորածնի, այնպես էլ մոր կյանքի համար։ Բժիշկները պայքարել են երկուսի կյանքի համար էլ, բայց, ցավոք, հաջողվել է փրկել միայն մոր կյանքը։

Հավելյալ մանրամասներ չենք կարող տրամադրել, քանի որ հայցվող տեղեկատվությունը պարունակում  է բժշկական գաղտնիք», – հայտնեցին բուժկենտրոնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ գիշեր ժամը 03:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։

Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին եւ ասել են, որ նորածինը մահացել է։ Մահացած նորածնի հարազատները դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: