Աստծո սիրառատ բուրմունքը, որ պահպանվել էր փոքրիկի հիշողության մեջ
Աստծո սիրառատ բուրմունքը, որ պահպանվել էր փոքրիկի հիշողության մեջ
Դալլասում գիշերային լռության մեջ սառը քամին էր միայն սուլում, երբ Դիանա Բլեսսինգի հիվանդասենյակ է մտնում բժիշկը։
Դիանան այնտեղ էր ամուսնու հետ, ով նստած էր վիրահատությունից դեռևս տկար կնոջ կողքին՝ ամուր բռնած նրա ձեռքը։
Այդ նույն օրը՝ կեսօրին, բժիշկները անսպասելի առաջացած բարդությունների պատճառով ստիպված էին եղել ընդամենը 24 շաբաթական հղի Դիանային կեսարյան վիրահատություն անել, որպեսզի կարողանային փրկել նրա դստերը՝ Դանա Լու Բլեսսինգին։
Ծնողները գիտեին, որ իրենց դուստրը, ով ընդամենը մեկ կիլոգրամ և ինը գրամ էր, վաղաժամ է ծնվել, բայց, միևնույնն է, բժիշկի խոսքերը նրանց համար ռումբի պայթյունի պես են հնչում։
– Ընդամենը տասը տոկոս հավանականություն կա, որ ձեր դուստրը կլուսացնի այս գիշերը, բայց նույնիսկ այդ դեպքում՝ նրա ապագան սարսափելի կլինի։
Վախից փայտացած՝ Դևիդն ու Դիանան լսում էին, թե ինչպես էր բժիշկը նկարագրում բոլոր այն աղետալի խնդիրները, որոնք կունենա աղջնակը, եթե շարունակի ապրել․
Նա երբեք չի քայլի, երբեք չի խոսի, հավանաբար կույր կլինի, նա ստիպված կլինի տանջվել ուղեղային կաթվածի և մտավոր հետամնացության պատճառով և այսպես շարունակ․ ահա այսպիսի ապագա էին կանխատեսել բժիշկները նորածին աղջնակի համար։
Սակայն ծնողները հրաժարվում էին հավատալ դրան։ Նրանք իրենց 5-ամյա որդու հետ միասին միշտ երազել էին չորս հոգուց բաղկացած ընտանիք ունենալ։ Իսկ այժմ՝ մի քանի ժամվա ընթացքում, այդ երազանքը փշրվում էր։
Եվ հենց խոսք էր բացվում սգո արարողությանը նախապատրաստվելու մասին՝ Դիանան բղավելով բոլորին լռեցնում էր․
– Ո՛չ, դա չի՛ պատահի, ոչ մի դեպքո՛ւմ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում բժիշկները։ Դանան չի՛ մահանա։ Մի օր նա իրեն շատ լավ կզգա և մեզ հետ կվերադառնա տուն։
Բժիշկները փորձում էին պահպանել Դանայի կյանքը բժշկական սարքերի միջոցով, բայց այդ ընթացքը պարզապես անտանելի էր Դևիդի և Դիանայի համար, քանի որ երեխան չափազանց թույլ ու տկար էր, և նրանք նույնիսկ չէին կարող մոտենալ ու իրենց գիրկն առնել փոքրիկին։ Միակ բանը, որ նրանք կարող էին անել՝ աղոթքն էր առ Աստված, որպեսզի Նա պահպաներ իրենց փոքրիկ դստերը:
Շաբաթների ընթացքում Դանան քաշ է հավաքում, և երբ աղջիկն արդեն դառնում է երկու ամսական, ծնողներին թույլ են տալիս գրկել նրան։
Երկու ամիս անց, թեև բժիշկները շարունակում էին պնդել, որ աղջիկը դժվար թե շարունակի ապրել, իսկ նորմալ ապրելակերպ վարելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, մոր պահանջով՝ աղջիկն իր հետ վերադառնում է տուն։
Հինգ տարի անց Դանան, թեև փոքրիկ, բայց արդեն շատ ճարպիկ աղջիկ էր, և նրա մոտ չէր էլ նկատվում մտավոր կամ ֆիզիկական որևէ խախտումներ։
Բայց այս երջանկությունը դեռևս ավարտը չէ այս աղջնակի պատմության։
Մի ամառային կեսօր Դանան, նստած իր մայրիկի գրկում, նայում էր եղբոր բեյսբոլի թիմի խաղը և անդադար խոսում մայրիկի հետ։ Հանկարծ նա ամուր գրկում է մորն ու ասում․
– Զգո՞ւմ ես այս հոտը, մայրի՛կ։
Հաշվի առնելով ամպրոպը՝ Դիանան պատասխանում է․
– Այո՛, աղջիկս, անձրևի հոտ է գալիս։
Սակայն Դանան գլխով թափահարում է՝ ի նշան սխալ պատասխանի, և իր փոքրիկ ձեռքերով շոյելով մոր մազերը՝ բարձրաձայն գոչում․
– Ո՛չ, սա Նրա հոտն է։ Սա Աստծո հոտն է, այն նույն հոտը, որ գալիս է, երբ ամուր գրկում ես Նրան։
Այս ասելով՝ Դանան վազում է մի կողմ՝ այլ երեխաների հետ խաղալու։ Իսկ Դիանայի աչքերից սկսում են հոսել արցունքները։
Աղջկա խոսքերը հաստատում էին մի բան, ինչը Բլեսսինգների ընտանիքը լավ գիտեր։
Դանայի կյանքի առաջին երկու ամիսները, երբ նա շատ թույլ ու տկար էր, և ծնողները չէին կարողանում իրենց դստերը գրկել, այդ ողջ ընթացքում Աստված Դանային իր գրկում էր պահել, և հենց Նրա սիրառատ բուրմունքն էր այդքան լավ պահպանվել երեխայի հիշողության մեջ։