ՄամուլՏեսանյութ

«Ասել է՝ տղերք հանձնվել չկա». 4 մանկահասակ երեխաների հայրը կռվել է մինչեւ վերջ՝ հրաժարվելով նահանջել

Լիանան իր 4 մանկահասակ երեխաների հետ արդեն մոտ 90 օր է՝ ամուսնու վերադարձին է սպասում։ 34–ամյա Վիգեն Ավագյանը սեպտեմբերի 13–ից անհետ կորած է համարվում։

News.am-ը գրում է․ Պայմանագրային զինծառայողը Վերին Շորժայի դիրքերն էր պաշտպանում սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Ընտանիքը չգիտեր՝ զոհվել է նա, թե գերեվարվել, մինչեւ նոյեմբերի 28-ը, երբ Ադրբեջանը 13 մարմին հանձնեց հայկական կողմին։

Լիանան եւ սկեսրայրը երկու օր անց Մարտունու դիահերձարանում դաջվածքներից ճանաչել են Վիգենի մարմինը, սակայն դին հարազատներին չեն հանձնել, ասել են՝ միեւնունն է, ԴՆԹ–ով պետք է հաստատվի ինքնությունը։

«Թեւը տեսնելով՝ հասկացա, որ ինքն է, մատին էլ «Էրո» է գրած, հարյուր տոկոսով համոզված ենք, որ ինքն է։ Դեմքն է վնասված միայն, մարմինը նորմալ վիճակում է»,– ասում է Լիանան։ Հարսին շարունակում է սկեսրայրը՝ Լազրո Ավագյանը. «Կարող է՝ մի քանի օր թաքնված լինեն ձորի հետ, հետո մտնեն բոյի մեջ, բայց թե իրականում ինչ է եղել, չգիտենք»։

34–ամյա Վիգենը 8 տարի Օմարի լեռներում է ծառայել, ավագ սերժանտ էր, Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել Վերին Շորժա։ Հարազատները պատմում են՝ ապրիլյան եւ 44–օրյա պատերազմների ժամանակ կյանքը վտանգելով ռազմի դաշտից դուրս է բերել զոհված ընկերների մարմինները։ Իսկ Վիգենի մարմինը մոտ երեք մնաց հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքում։

Սեպտեմբերի 13–ի նախօրեին Վիգենն ընկերների հետ դիրքերում խրամատ է փորել, ինժեներական աշխատանքներ իրականացրել, կինն ասում է՝ երեւի ցեմենտը չի էլ հասցրել չորանալ, ժամեր անց Ադրբեջանը հարձակվել է։

Սեպտեմբերի 13–ին առավոտյան ժամը 7–ին Վիգենը կնոջ եղբոր հետ է խոսել, խնդրել է իր 4 մանկահասակ երեխաներին տիրություն անել, հետո ցերեկը 4–ին արդեն նրա հեռախոսին ադրբեջանցի է պատասխանել։

«Ժամը 16.22–ին զանգեց հարսս, վերցրեց ադրբեջանցին, ես ադրբեջաներեն գիտեմ, խոսեցի իր հետ, հարցրի՝ որտեղից հեռախոսը քեզ, ասաց. «Մեռելի վրայից եմ վերցրել, սաղին կոտորել ենք»։ Հետո 1.5 ժամից կինս զանգեց, ուրիշը պատասխանեց, ասաց, որ ճանապարհից է գտել հեռախոսը, դրանից հետո մի քիչ հույս ունեինք, որ կարող է՝ գերի է ընկել»։

Վիգենի ընտանիքը երեք ամիս ապրել է անորոշության մեջ։ Դիմել են ուր ասես՝ Կարմիր Խաչից մինչեւ Պաշտպանության նախարարության եւ ի վերջո՝ մենակ մնացել իրենց վշտի հետ։ Ընտանիքի համար մխիթարություն կլիներ, եթե գոնե մի անգամ նախարարությունից իրենց այցելեին, թեկուզ հուսադրելու կամ վստահեցնելու համար, որ իրենց որդուն փնտրում են։

Թե ինչ պայմաններում է Վիգենը զոհվել, ընտանիքը չգիտի։ Լսել են միայն, որ մինչեւ վերջ կռվել է՝ հրաժարվելով նահանջել։ Բոլոր տղաները զոհվել են, պարզ չի, թե Վերին Շորժայի 101 դիրքում ինչ է տեղի ունեցել.

«Տղերքն ասել են՝ Վիգեն, եթե չկարողանաս պոստդ չպահել, կթողնես, ասել է՝ նման բան չի լինի։ Տղերքին ասել է՝ հանձնվել չկա, մինչեւ վերջ պայքարում ենք մեր հողի վրա։ Սաղին կոտորել են, ինքն ասել է՝ «Ի՞նչ եք խոսում, ես ո՞ւր փախնեմ»։ Մենակով զոհվել է, մենակով պայքարել է…։ Հրաժարվել է նահանջել, կռվել է մինչեւ վերջ»։

Կինը հիշում է՝ Վիգենը խիստ, կարգուկանոն սիրող զինվորական էր, սահմանային յուաքանչյուր լարվածության ժամանակ դիրք էր բարձրանում, նույնիսկ եթե այդ օրը հերթապահության չէր։

«Ամենաբարձր դիրքում է եղել, շուրջբոլորն ադրբեջանցիներ են եղել, իրենք 3-4 հոգով դիրքը պահել են։ Վիգենի զինվորներից մեկի հայրն ասաց ինձ, որ շատ խիստ զինվորական է, խիզախ, լավ խորհուրդներ տվող, ամեն վայրկյան վտանգ է, թշնամին կարող է հարձակվել»,– պատմում է հայրը։

«Իր երեխեքի մասին չի մտածել, բայց զինվորի մասին մտածել է։ Բոլոր զինվորների մարմինները, մասունքները մարտի դաշտից դուրս է բերել, իր կյանքը վտանգելով՝ զինվորի կյանք է փրկել»,– շարունակում է մայրը՝ տիկին Ռիտան։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել