Մամուլ

Առջևի ատամներն իրենն էին՝ ասում է Բակո Սահակյանի վիրաբույժը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Բաքվում ընթացող շինծու դատավարության մեկնարկից ի վեր ադրբեջանական մամուլում են հայտնվել սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ադրբեջանական բանտերում խոշտանգվում է։

Բոլոր ռազմագերիները հյուծված են, ծերացած, սպիտակած, նրանցից ոմանց դեմքին խոշտանգումների հետքեր կան, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեմքին: Երեկ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն էր տարածել, որտեղ գրված է.

«Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին»։

Օրեր անց էլ դատավարությունից արված լուսանկարից պարզվեց, որ բացակայում են Բակո Սահակյանի առջեւի ատամները։

Արցախցի դիմածնոտային վիրաբույժ Սասուն Վահանյանը մի քանի անգամ Ստեփանակերտում վիրահատել է Բակո Սահակյանին, մեզ հետ զրույցում նա վստահեցնում է՝ առջեւի ատամները բնական են եղել։ «Առջեւի ատամներն իրենն են եղել, իմպլանտներ տեղադրված չէին»,- «Հրապարակ»-ին ասաց նա՝  նշելով, որ Սահակյանի ատամնաբույժը Հայաստանում չէ, իսկ ինքը Սահակյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չգիտի` չի կարող ասել։

Լուսանկարից դատելով՝ ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ե՛ւ Բակո Սահակյանը ենթարկվել են անմարդկային խոշտանգումների։ «Հայերի հանդեպ Բաքվի բանտերում խոշտանգումներ եղել են եւ լինում են, դա կասկածից վեր է։ Խոշտանգումների հարցերով զբաղվող միջազգային հատուկ մարմիններն են անգամ արձանագրել, որ հատուկ դաժանություններ են տեղի ունենում՝ պայմանավորված էթնիկ պատկանելությամբ։ Խոշտանգումների վերաբերյալ տեսանելի ապացույցները խոսում են այն մասին, թե որքան լկտի են ադրբեջանցիները, չեն թաքցնում, որ խոշտանգում են մեր գերիներին։

Որոշ լուսանկարների վերլուծությունները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ Բակո Սահակյանի մասով։ Ես վստահ եմ, որ այդ նկարները եղելության միայն չնչին մասն են արտացոլում, իսկ թե նրանք ինչի են առերեսվում այնտեղ, կիմանանք գերիների վերադարձից հետո միայն, գուցե նույնիսկ՝ մասնակիորեն»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ 

Ադրբեջանական բանտերում այսօր 23 հայ է պահվում` գոնե այդքան անձի մասով Ադրբեջանը հաստատել է նրանց առկայությունը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչեւ ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, որոնցից յուրաքանչյուրով կարող են ցմահ ազատազրկման դատապարտել նրանց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում