Մամուլ

Առողջապահության նախարարը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ գտնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու Սերժ Սարգսյանի խնամուն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, և այդ պաշտոնում նշանակելու է իր ընկերոջը:

Հիշեցնենք, որ նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում հիվանդանոցում, և Թորոսյանը հայտնաբերված չարաշահումների մասին խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:

Նախարարը այս հարցում վճռական է տրամադրված և աուդիտ իրականացնող ընկերությանը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել հիվանդանոցում, քանի որ ինքը տնօրենի իր թեկնածուն ունի:

Նշենք, որ երեկ բուժհիմնարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը:

ԱՆ-ից փոխանցեցին հետևյալը.«Բազմաշերտ ուսումնասիրություն է արվում, քանի որ այն առողջապահության նախարարության ենթակայության կառույց է։ Ստուգվում է հատկապես պետպատվերով տրամադրված ծախսերի արդյունավետությունը։ Արդեն իսկ խախտումներ հայտնաբերվել են»։ Հարցին, թե նախարարն իր թեկնածուն ունի, մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի»:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել