Մամուլ

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու մարմին:

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Վիլսոն Գ.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: