Առեղծվածային մահվան դեպք Արարատի մարզում․ Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հայտնել են, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։
Տեղում պարզվել է, որ դին հայտնաբերվել է Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի քրեական ոստիկաններն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են Մասիսի ոստիկանները։
Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ քրեական և համայնքային ոստիկանների ժամանումը դեպքի վայրը սահմանազատել և տեղում ծառայություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Ալբերտ Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Օհան Հարությունյանը։
Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը։