Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե սպանություն, պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննության վերջանական արդյունքերը հայտնի լինելուց հետո:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



