Առեղծվածային դեպք՝ Երևանում․ փրկարարները դիտահորից դուրս են բերել կնոջ մարմին
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ապրիլի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են ահազանգել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից և խնդրել են, որպեսզի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկին մոտենան փրկարարները, քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված շենքի մոտ գտնվող դիտահորում կնոջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը, ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանն ու Արսեն Մովսիսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի հատուկ փրկարարները, ովքեր դիտահորից դուրս են բերել Երևանի բնակիչ 70-ամյա Կ․ Ա․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բաղմանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։