Առաջին նպատակս ապրելն է. Անի Քոչարը՝ ճակատագրական տարիքի, ամենահիշարժան տարեդարձի մասին և ոչ միայն
Երեկ՝ հունվարի 20-ին, իր ծննդյան տարեդարձն էր նշում Գերմանիայում բնակություն հաստատած հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարը, ով այս պահին պայքարում է արյան քաղցկեղի դեմ:
Անիին առաջարկել է պատասխանել մեր տոնական բլից հարցերին:
Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
Ամեն մի տարեդարձ հիշվում է մի բանով և այդպիսով դառնում հիշարժան, սակայն իմ կյանքի ամենաերջանիկ և հիշարժան տարեդարձն այն էր, երբ գրկումս էր արդեն իսկ 1 ամսական որդիս: Դավիթս իմ կյանքը նոր հույզերով և վառ գույներով լցրեց, էլ ավելի իմաստավորեց ապրածս կյանքն ու պայքարներս: Եվ, թերևս, առջևում կլինեն նորանոր հիշարժան տարեդարձեր:
Տա Աստված… Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
Ճակատագրական տարիքներ իմ կյանքում մի քանիսն են եղել և ամեն մեկը կապվել է անձնական կյանքի և դրան հաջորդող ծանր հիվանդության հետ: Չգիտեմ պատահականություն է, թե ոչ, թեև ինքս պատահականությունների չեմ հավատում, այս կյանքում ամեն բան պատահում է ինչ որ բանի համար: Առաջին ճակատագրական տարիքը եղել է 16 տարեկանում, այնուհետև 28-ում և 32-ում: Երեք պարագայում էլ, թեև շատ եմ տառապել և պայքարել, բայց կարծես հաղթահարած եմ դուրս եկել:
Չգիտես ինչու, ճակատագրականն իմ պարագայում ստացվեց կյանքի մահվան իմաստով, բայց հավատում եմ, որ այսուհետև իմ ճակատագրական տարիքները կապվելու են բացառապես դրական և լուսավոր իրադարձությունների հետ: Ինձ վերածնված մարդ եմ համարում, այդ իսկ պատճառով, այս տարի նշում եմ 1 ամյակս:
Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
Եթե ժամանակագրականով սկսեմ, ապա 2000 թվականը, երբ սկսեցի իմ երկու երազած մասնագիտություններով` լրագրությամբ և մոդելինգով զբաղվել, այնուհետև 2005-ը, երբ մեկնեցի հեռավոր գործուղման Չինաստան, որպես մանեքենուհի և հենց այնտեղ էլ հղացավ «Ես ամսագրի» գաղափարը, 2006-ը, երբ իրագործեցի նախագիծս և 19-20 տարեկանում հիմնեցի իմ ամսագիրն ու տարիներ անց` մեդիա ընկերությունը:
Ի դեպ`ասեմ, որ ԵՊՀ` Երևանի պետական համալսարանում ուսանողական տարիներս, զուգահեռաբար ԵԱԴ` Երիտասարդ լիդերների դպրոցում ուսանելու ժամանակները ևս լավագույններից են եղել, այդ տարիների շրջագայություններն էլ վառ գույներով են լցրել կյանքս: Ես այն մարդկանցից եմ, որ ամեն բան, ինչ անում է, սիրով և անմնացորդ նվիրումով է անում:
Կարմիր դիպլոմով ավարտելը, օրինակ, ինձ համար ոչ թե նպատակ է եղել կամ ցանկություն, այլ նվիրված ուսման և ժրաջան աշխատանքի արդյունք, ինչի համար ես երջանիկ եմ:
2011 թվականը, երբ հրաշքով ծնվեց իմ Դավիթը: Կարծես թե վերջ… Հայրենիքից հեռանալուց հետո կարծես թե լույսը պակասեց իմ կյանքում, բայց վստահաբար այն հետ է վերադառնալու էլ ավելի վառ, լուսավոր և պայծառ օրեր են լինելու: