Շոու-բիզնեսԺամանց

Առաջին Ակումբը փակվում է. ի՞նչ կոնֆլիկտ է եղել մասնակիցների ու պրոդյուսերների միջև

«Առաջին Ակումբը» տեւական ժամանակ է՝ չունի նոր թողարկումներ, ինչը դիտողների մոտ տարբեր հարցեր է առաջացրել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Նոր ալիք»-ի պրոդյուսեր Անուշիկ Խերունցը հաստատեց ակումբի փակման մասին լուրը՝ նշելով «կան որոշակի խոչընդոտներ»:

«Որոշում է կայացվել փակել «Առաջին Ակումբ» հաղորդումը։ Կան որոշակի խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում հաղորդման հետագա գոյությունը»,-ասաց պրոդյուսերը:

Մեզ հետ զրույցում «Առաջին Ակումբ» հաղորդման տնօրեն Հայկ Քեշիշյանը հավելեց. «Հստակ ազդանշաններ ենք ստացել, որ «Առաջին Ակումբի» երկրորդ եթերաշրջանում միացած դերասանները մտածված միացել էին թիմին, որպեսզի քանդեն կոլեկտիվը: Ցավոք, դա նրանց մոտ ստացվեց»:

NEWS.am STYLE-ը պարզաբանման համար զրուցեց նաեւ «Առաջին Ակումբ»-ի կրեատիվ պրոդյուսեր, հումորիստ Գրիգ Գևորգյանի հետ: Վերջինը չցանկացավ մանրամասներ հայտնել կոնֆլիկտի վերաբերյալ, բայց նշեց, որ նախագծի դադարեցման համար մի քանի պատճառ կար:

«Շատ են հարցնում, թե ինչու չկան «Առաջին Ակումբի» նոր թողարկումները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հետաքրքրվում են, բայց պետք է տեղեկացնեմ, որ առաջիկայում դժվար տեսնեք հաղորդումը եթերում, որովհետեւ դադարեցնում ենք մեր աշխատանքը մի քանի պատճառով, բայց «Նոր Ալիքի» հետ բացարձակ խնդիր չկա:

Ներքին խնդիրներ են, չեմ ուզում անուններ տալ ու ինտրիգներ մտցնել: Կարծում եմ՝ նոր նախագծեր կլինեն «Նոր Ալիք»-ում, որտեղ ներառված կլինեն «Առաջին Ակումբ»-ից որոշ մասնակիցներ, բայց, օրինակ, չեն լինի Օնոն եւ Մկոն. նրանց հետ համագործակցությունը չի շարունակվի»,-եզրափակեց նա:

P.S. NEWS.am STYLE-ն ու «Առաջին Ակումբի» թիմը շնորհավորում են բոլորին Ապրիլի 1-ի առթիվ:) Սա ընդամենը կատակ էր, լուրը չի համապատասխանում իրականությանը, եւ «Առաջին Ակումբի» նոր՝ երրորդ եթերաշրջանը, «Նոր Ալիքի» եթերում կլինի ապրիլից: