Մամուլ

Առաջիկայում նոր երկրաշարժեր կլինեն. ԱԻՆ-ը մանրամասնում է

Առաջիկայում նոր երկրաշարժեր կլինեն. ԱԻՆ-ը մանրամասնում է

Սույն թվականի փետրվարի 5-ին տեղական ժամանակով 19:36-ին Հայաստանի Հանրապետության Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել էր 6-7 բալ:

Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը (11։00 դրությամբ), որից 5 հատը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը):

երկրաշարժ

Անհրաժեշտ է նշել, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում` 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ, ԱՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Կապված վերը նշված սեյսմիկ իրադարձությունների հետ, առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը։

Կատարվել են երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն:

երկրաշարժ

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։

Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում, և իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի։

Կիսվել