Առանց վճարելու ավտոբուս չի լինի նստել․ ի՞նչ փոփոխություններ կլինեն
171 ավտոբուսի գնման գործընթացն իրականացված է, հանձնման-ընդունման աշխատանքները՝ ևս, և ամբողջ խմբաքանակը Հայաստանում է: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ներկայումս իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ: 14 տրոլեյբուսի մասով ևս այս շաբաթ սկսվում են հանձնման-ընդունման և մաքսազերծման գործընթացները, միաժամանակ մշակվում են նաև երթուղիները:
Երևանի քաղաքապետը շեշտեց, որ առաջիկա ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես դրա կարիքն ունեն։
Ավինյանը նաև հանձնարարական տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին, որպեսզի վարորդների խնդիրներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում պահվեն։
Նա ընդգծեց` հանրային տրանսպորտի ոլորտում այժմ կարևոր անցումային շրջան է, և հույս հայտնեց, որ բոլորը կկարողանան անցում կատարել նախկին համակարգից։
Նշենք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալ։ Երևանի տրանսպորտային համակարգը 5 տարի կսպասարկի «TelCell» ընկերությունը, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։