Մամուլ

Ապրիլյան ագրեսիայի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման գայթակղությունից

2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ի հետ զրույցում:

EADaily-ն զրուցել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ ՀՀ պաշտպանության ոլորտի խնդիրների, ավիացիան զարգացնելու ծրագրերի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին:

«Ադրբեջանական զորքերի կուտակումների և ակտիվացման մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նման գործընթացները դիտվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պայմաններում: Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա նշել է, որ որպես նախապայման՝ հենց ուժի չկիրառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես և ցանկացած այլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հատուկ անհանգստություն է առաջացնում Նախիջևանի կողմից ադրբեջանական զորքերի ակտիվացումը, որտեղ մինչ այժմ համեմատական անդորր էր տիրում:

«Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած դրսևորում հղի է մեծ ճգնաժամի հրահրմամբ, որը կանդրադառնա նաև այլ տարածաշրջանային խաղացողների վրա»,- ասել է նա:

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, որ այն վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել