ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի
Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:
«Որոշակի պայմանների առկայության դեպքում 4 անգամ նվազեցվում է վարչական տույժի չափը: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այն սուբյեկտների համար, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ տրանսպորտային միջոցը վարում են առանց ԱՊՊԱ պայմանագրի:
Առաջին փոփոխությամբ՝ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը:
Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն կարող է տարվա մեջ 20 անգամ 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր: Մենք նվազեցրել ենք որոշումներ կայացնելու քանակը, սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավել, ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը»,-ասաց Խաչատրյանը:
Ներկայում առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100 հազար դրամով: Նախագծի հեղինակ պատգամավորները կարծում են, որ այս տուգանքի չափը չի համապատասխանում իրավախախտման բնույթին և վտանգավորության աստիճանին, այն անհամեմատ խիստ է:
«Սակայն հաշվի առնելով, որ այդ իրավախախտման օբյեկտը ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունն է, հետևյալ կարգավորումն ենք առաջարկել՝ անձը ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, վճարում է ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա մեջ ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր:
Այսինքն՝ անձը վճարում է 4 անգամ պակաս, քան նախատեսված է այս պահի դրությամբ»,-ասաց Խաչատրյանը:
Պատգամավորները կարծում են, որ այս կարգավորմամբ էականորեն կնվազեցվի սոցիալական բեռը: