Մամուլ

Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին տեղի ունեցած հերթական ավտովթարի հետևանքով կա 2 վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Ford», «Opel» և բեռնատար «Газель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Դավիթ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Վարդան Ղամբարյանը։

Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների բախումը տեղի է ունեցել «Opel»-ի և «Газель»-ի միջև, «Ford»-ը եղել է կայանված։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։