Մամուլ

Աշտարակի կամրջի վրա հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար «Газель»-ում

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ կատարող «Газель» մակնիշի բեռնատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում