Մամուլ

Աշտարակի «Գայի պոստի» մոտ մխրճվել է գյուղմթերք վաճառող տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել օտարերկրյա քաղաքացու. վերջինը տեղում մահացել է

Shamhshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա Դավիթ Բ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին, այժմ՝ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարին մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ազգությամբ հնդիկ է։

Կիսվել էջում