Աշխարհը դարձավ անհոտ ու անհամ, աննկարագրելի թույլ էի․ պատմում է COVID-19-ը հաղթահարած լրագրողը
Աշխարհը դարձավ անհոտ ու անհամ, աննկարագրելի թույլ էի․ պատմում է COVID-19-ը հաղթահարած լրագրողը
Armtimes.com-ը գրում է․ «Մրգերը մանր կտրում էի, հանգցնում հիվանդասենյակի լույսն ու փորձարկում անելու համար սկսում ուտել։
Համ չէի զգում, այն հիշողություն էր դարձել»,- պատմում է արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյանը, որ հաղթահարել է COVID-19-ը։
Այսօր հիշողություն են նրա նկարագրած պահերը։
Մայիսի 1-ի երեկոյան Նազելիի մոտ հազ է սկսվել, սակայն այլ ախտանիշներ չեն եղել։ Հաջորդ օրը ստացած զանգից պարզ է դարձել, որ կոնտակտավոր է՝ կորոնավիրուս էր հայտնաբերվել մի անձի մոտ, ում հետ շփվել էր ապրիլի 27-ին։
Տեսնելով, որ ջերմությունը 37․4 է՝ միանգամից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել։ Անհրաժեշտ հետազոտություններն իրանակացվել են, արվել է նմուշառում, սակայն մինչ թեստի պատասխանը, վիրուսին բնորոշ այլ ախտանիշներ են ի հայտ եկել։
«Հիվանդությունը գրիպի նման չէ, մի պահ անգամ շնչելն էր դժվարացել»,- մեզ հետ զրույցում պատմեց նա՝ հավելելով՝ հիվանդանոց տեղափոխվելու երեկոյան ջերմությունը 38-ից ավելի բարձր էր։ «Հաջորդ օրն աշխարհը դարձավ անհոտ ու անհամ. կորցրի համի ու հոտի զգացողությունը, աննկարագրելի թույլ էի, գլխացավ ունեի»։
Հոգեբանական ճնշվածություն չի ունեցել, բուժման ընթացքում Աստվածաշունչ է կարդացել։ Իր խոսքով՝ ընթացքը սպասման էր նման՝ հասկանալու՝ ինչ է լինելու հետո, հազարավոր զանգերն ու նամակներն էլ դրական լիցքեր են փոխանցել։ Այդ հարցում բուժանձնակազմը եւս ջանք չի խնայել։
«Ինձ ժպիտ պարգեւելու համար՝ իմ անունով երգեր էին հորինում»,- նշեց նա։