Մամուլ

ԱՆ մանրամասներ է ներկայացրել Վարդենիսի ծննդատանը արձանագրված դեպքի վերաբերյալ

ԱՆ մանրամասներ է ներկայացրել Վարդենիսի ծննդատանը արձանագրված դեպքի վերաբերյալ

Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է:

«Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում:

Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում` վիրաբուժական, չի եղել:

Սակայն, որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու» ծննդատուն` հետազոտման նպատակով:

Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատարվել է կեսարյան հատում:

Դուրս է բերվել պտուղ, որի կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել:

Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման բրիգադով:

Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և  մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրույր Գրիգորյանը:

Մարտունու ծննդատանը` Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ  կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ:

Վիճակը կայունացնելուց հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Այժմ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավական գնահատական:

Կիսվել