Անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը. «Սասնա Ծռեր»
Անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը. «Սասնա Ծռեր»
Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ:
Առհասարակ՝ անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը:
Նրանք իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի, սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել:
Շուտով երկու տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն, միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում, դատավարությունը վերածել են ծաղրի և ժամանակ են ձգում՝ սպասելով նաև իրենց մասնակցությամբ պատրաստվող ռևանշին:
Մյուս հիմնական ոճրագործը՝ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է, որը լավագույն ցեպքում ավարտվելու է նրա նկատմամբ համաներման կիրառմամբ:
Սակայն գործող իշխանության անպատասխանատու կառավարման «թագն ու պսակը» սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանի ու նրա հանցակիցների և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով ապստամբած Սասնա Ծռերի՝ զուգահեռաբար իրականացվող դատավարություններն են:
Զավեշտն էլ ավելի սուր երանգներով է ներկայանում, երբ նույն դատարանի նույն դահլիճում նույն մեղադրողը շաբաթվա մի օրվա ընթացքում ամենայն լրջությամբ հիմնավորում է, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, իսկ հաջորդ օրը նույնպիսի լրջությամբ տապալված վիճակը համարում է օրինակարգ և հակառակ դիրքից մեղադրում է Սասնա Ծռերին:
Մենք անազնիվ ենք համարում նման գործելակերպը, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարարների հետ պետական և հացկերույթի սեղանների շուրջ է նստում, հետո ժողովրդին ու Մարտի 1-ի զոհերի հարազատներին երթի է հրավիրում:
Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին:
Համոզված ենք, որ գործող իշխանությունների հետ միասին թե առանց նրանց մոտ ապագայում հաղթահարվելու է արդարության ճգնաժամը և վերջապես բացվելու է Մարտի 2-ի լուսաբացը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
26 փետրվարի 2020 թ., Երևան»։