Անչափահաս երեխաների մորը զրկել են նպաստից և 2 տուփ կաթից
Անչափահաս երեխաների մորը զրկել են նպաստից և 2 տուփ կաթից
Hraparak.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ Ռուզաննա Ադամյանը 6 տարուց ավելի է՝ ապրում է կիսակառույց եւ խոնավ տանը, որը նույնիսկ իրեն էլ չի պատկանում:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Ռուզաննան պատմեց, որ միայնակ մայր է՝ մեծացնում է 3 անչափահաս երեխայի եւ ստանում էր 37 հազար 500 դրամ նպաստ: 6 ամսական փոքրիկի համար նաեւ պետությունից ամիսը 2 տուփ կաթ էր ստանում, սակայն նպաստի հետ մեկտեղ դա էլ են կտրել.
«Հոկտեմբերի 31-ին տեսուչը եկավ մեր տուն՝ տնային այցի, եւ ասաց, որ երեխաների հայրը պետք է գա ու գրանցվի էս տան վրա: Իմ երեխաների հայրն իրենցից չի հրաժարվում, մեզ ընդամենը կապում են երեխաները:
Սարգիսը գրանցված է հայրական տան հասցեում, ինքը կամավոր մեկնում է դիրքեր՝ սահմանը պաշտպանելու, ամսվա կտրվածքով՝ 25 օր դիրքերում է լինում, մի քանի օրով գալիս, երեխաներին տեսնում է ու գնում»:
Տունը, որտեղ ապրում է Ռուզաննան՝ երեխաների հետ, ապրելու նվազագույն պայմաններ չունի, տան քարերն անգամ թափվում են: Մեծ դուստրը՝ Ինեսան, սովորում է 6-րդ դասարանում, օգնում է մորը տան գործերում եւ փոքր քույրերին է խնամում: Ռուզաննայի միջնեկ դուստրը 1 տարի 6 ամսական է, փոքրը՝ 6 ամսական: Ընտանիքն այսօր հայտնվել է ծանր սոցիալական վիճակում.
«Վառելափայտը շատ քիչ է, հազիվ մինչեւ դեկտեմբերի վերջը հերիքի: Խանութից առաջին անհրաժեշտության սնունդը վերցնում էի, «փարոս» էի ստանում, տանում էի պարտքը տալիս էի, դա էլ կտրեցին։
Շատ դժվար կլինի 3 երեխաներին պահել: Ոչ մի տեղից եկամուտ չունեմ: Երկու տարի առաջ մեկ անգամ եմ օգնություն ստացել՝ սննդի եւ մի փոքր վառելափայտի տեսքով, այլեւս որեւէ անգամ որեւէ տեղից չեն օգնել»:
Թե ինչու են նոյեմբեր ամսից 3 անչափահաս երեխայի մոր նպաստը եւ 2 տուփ կաթը կտրել, Միասնական սոցիալական ծառայության Սեւանի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Ղալթախչյանը պատասխանեց.
«Մարդիկ գալիս են, խնդրում են, որ նպաստ նշանակենք, մենք էլ ասում ենք, որ պետք է, այ, այս կետերը պահեք, որ նպաստ ստանաք: Էդ ընտանիքի հետ շատ փորձեցինք, որ օրենքի սահմաններում նպաստ ստանան, չեղավ: Հիմա ես օրենքի կետերով իրեն կմերժեմ, թող իրենց քայլերն ուղղեն այնպես, ոնց նպատակահարմար կգտնեն»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում