Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներից մեկին ամենաշատ գումար փոխանցած նվիրատուների թոփ հնգյակը
Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներից մեկին ամենաշատ գումար փոխանցած նվիրատուների թոփ հնգյակը
168.am-ը գրում է․ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար, ներկայում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցությամբ ստեղծվեց «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը, որը, ըստ Տիգրան Ավինյանի, պետք է նպաստեր կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը:
Եվ ահա այս հիմնադրամը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է 1,000,000 ԱՄՆ դոլար՝ զբաղեցնելով նվիրատուների առաջին հորիզոնականը:
«Իմ քայլը» հիմնադրամի հաջորդ խոշոր նվիրատուն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսներն են՝ մասնավորապես, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրամին նվիրել է 34 միլիոն 500 հազար դրամ, «Ալեքս Հոլդինգ»-ը՝ 33 միլիոն 600 հազար դրամ, իսկ ահա «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն՝ 10 միլիոն դրամ:
Նվիրատուների շարքում հաջորդը խոշոր գումարի նվիրատվությունն արել է «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը:
«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը նվիրաբերություն է արել երկու անգամ՝ 45 միլիոն և 42 միլիոն 834 հազար դրամի չափով:
Այս հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին, առավել ակտիվ գործունեություն սկսել Արցախում: Օրինակ՝ Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար կառուցել է բազմաբնակարան շենք, մեքենաներ նվիրել Արցախի Կառավարությանը, ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ գյուղերի խնդիրները, և սա կատարվել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը:
Հիմա այս հիմնադրամն առավել ակտիվ է «Իմ քայլի» հետ համագործակցության շրջանակներում:
Վիտալի Գրիգրոյանցը նաև «Հայբիզնեսբանկ»-ի խորհրդի նախագահն է։ «Հայբիզնեսբանկ»-ը «Իմ քայլի» կազմակերպած ներդրումային համաժողովների հովանավորն էր:
«Իմ քայլը» հիմնադրամի հաջորդ խոշոր նվիրատուն «Արմենիա լայթհաուս» բարեգործական հիմնադրամն է՝ 48 միլիոն, 350 հազար դրամ նվիրատվությամբ:
Նշենք, որ «Արմենիա լայթհաուս»-ը բարեգործական հիմնադրամ է, ստեղծվել է 2016 թվականին, իրականացնում է տարբեր ծրագրեր, մասնավորապես՝ անապահով ընտանիքներին բնակարանների տրամադրում, բժշկական հետազոտության և միջամտության ծրագրեր, ուսման համար տրված փոխառություններ, նվիրաբերություն:
Նվիրատուների առաջատարների հնգյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 33 միլիոն 500 հազար դրամ նվիրատվությամբ:
Այս հնգյակին հաջորդում է «Ամերիաբանկ»-ը՝ 34 միլիոն 125 հազար դրամ նվիրատվությամբ, «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը՝ 15 միլիոն դրամ նվիրատվությամբ, և այլն:
Նկատենք, որ, ի տարբերություն նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների, մեկ այլ նախկին ՀՀԿ-ական պատգամավորի՝ Արտակ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Սաս Գրուպի» նվիրատվությունը շատ ավելի համեստ է՝ ընդամենը 5 միլիոն դրամ:
Ի դեպ՝ հիմնադրամին արված են նաև 15, 20 և 30 միլիոն դրամի անանուն նվիրատվություններ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում