Մամուլ

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան երեխային

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան երեխային։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական էջից։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին սեպտեմբերի 20-ին այցելել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալաքյանի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը տեսակցել է փոքրիկին, հանձնել նրան նվերներ, զրուցել ծնողների հետ։

«Ես շատ երջանիկ եմ, որ երեխան արդեն այսքան լավ է: Ես չէի կարող չգալ այստեղ՝ երեխային տեսնելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ երեխային այդ ծանր վիճակից դուրս բերելու համար»,- այցից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մտել է սենյակ՝ փոքրիկը լայն ժպտացել է, երբ տեսել է իր ձեռքի «Սարդ մարդուն»:

«Ես էլ շատ ուրախացա, երբ տեսա փոքրիկի լայն ժպիտը: Հաճելի է, երբ  երեխան հիվանդանոցում է, բուժում է ստանում, բայց ժպտում է քեզ: Մնացած նվերներից նույնպես ուրախացավ»,- ասաց Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ նախապես տեղեկացել էր, որ փոքրիկ Արվինի ամենասիրելի հերոսը «Սարդ մարդն» է և հատուկ է այդ նվերը բերել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք և անգիտակից էր: Բժիշկները վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին:

Աննա Հակոբյանը տեսակցել է
Աննա Հակոբյանը տեսակցել է
Կիսվել