Աննան ասեց՝ դատարկ բնակարանները տվեք կարիքավորներին, հիմա իրենց բնակարանը ծախում են
Աննան ասեց՝ դատարկ բնակարանները տվեք կարիքավորներին, հիմա իրենց բնակարանը ծախում են
Hraparak.am-ը գրում է․ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն աղքատության մասնագետ է: Կարիքավոր խավի հետ է աշխատում մոտ 20 տարի: Գյումրու տնակային թաղերում նրան ամեն մի շուն ճանաչում է:
Փաշինյանի հայտնի «լայվը»՝ կոմունալ համերաշխության մասին, որը լսել ու զարմանքով քննարկում է ողջ Գյումրին, Վահան Թումասյանին վերադարձրել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանոյի ժամանակները, երբ ասում էին՝ պարտք արեք, ապրեք:
«Իդեալիստական պատկերացումները կյանքի հետ կապել, այն էլ այս ծանր պայմաններում, հասարակության վրա թողնել սոցիալական ծանր խնդիրների լուծումը, սխալ է: Այլ բան է, որ գործիքներ օգտագործես, ասենք, հարկային արտոնությունների մեխանիզմ ներդնես, որ մարդը դա անի: Միայն կոչով չի լինում»,- մեր խնդրանքով կարծիք հայտնեց Վահան Թումասյանը:
Նա հիշեցրեց Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հորդորը՝ դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել անապահով ընտանիքներին: «Ոչ մեկն էլ իր տունը չտվեց անապահովներին:
Փաշինյանը տվեց, բայց ինքն էլ, որքան գիտեմ, կրակն ընկավ այդ ընտանիքի ձեռքը, հիմա ծախում է էդ բնակարանը: Մի կոչ, որը չի իրականանալու, արժեզրկում է գաղափարը: Եթե ինչ-որ մեկը բարեգործություն անելու կարիք ունի, նրան ոչ մի կոչ էլ դրա համար պետք չի:
Անցյալ տարի ամերիկահայ բարերար Ջեք Յուրիջյանը 13 բնակարան նվիրեց Գյումրիին: Միշտ էլ ամբողջ կյանքն անում էր էդ մարդը: Կամ՝ եթե ես իմ բարեկամի համար կոմունալը վճարել եմ ու էդ մասին լռել եմ, ես կոչին հո՞ չեմ հետևել: Հակառակը՝ էդ կոչերը որ լինում են, ինչ-որ արգելանք է առաջանում մարդու մոտ, որ կմտածեն, ըհը, տես, կոչ արին, ինքն էլ մուծեց»:
Վահան Թումասյանը կորոնավիրուսի հետևանքների իր հաշվարկն ունի. «Մարզերում զբաղվածությունն այն մակարդակի չէր, որ շատերն աշխատանք կորցնեին, ինչպես Երևանում: Գյումրիում՝ մի 80-100 մարդ, ոչ ավել:
Աղքատությունն այստեղ առանց այն էլ ծայրահեղ էր, որից այն կողմ էլ չկա: Ժամանակավոր աշխատանքով զբաղվողները էդ 2000-4000 դրամը ստանալով, ջեռուցման, լույսի վրա ծախսելով, էլի աղքատ մնացին: Ես կողմ կլինեի, որ այդ գումարները դրվեին, օրինակ, գարնանացանի, գյուղատնտեսության վրա, որ մարդիկ աշխատեին, քան զուտ սոցիալականի:
Մենք ֆետիշացրեցինք էդ սոցիալականը, բերինք գումար, սնունդ բաժանեցինք, ու հիմա էլի բոլորը ուզվոր են դարձել: Մարզերում, մասնավորապես, Գյումրիում, այս ուզվորի հոգեբանությունը մեր հասարակության վրա ավելի շատ կազդի, քան կորոնավիրուսը տնտեսության վրա»:
Գյումրիում այսօր, ըստ «Շիրակ կենտրոնի» ղեկավարի, բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ հարևանն էսինչ տեղից օգնություն ստացավ, ինքը չստացավ: «Աղքատ խավը խճճվել է էդ մեկ կետ, երկու կետ, 16 կետերի մեջ: Մարդիկ գլուխ չեն հանում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում