Անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին և դիմել փախուստի
Անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին և դիմել փախուստի
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերգեյ Երիցյանի, Վահե Կակոյանի և Վարդան Դավթյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Թելման Ղ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև վրաերթ կատարած ենթադրյալ վարորդի և նրա վարած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: