Այրվել է մոտ 2 տոննա կանեփ ու 7 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված (Տեսանյութ)
Ամեն տարի այս օրերին հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Նպատակը հասկանալի է, ակտիվանում է առանց այն էլ մշտապես ակտիվ պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ, նաև ոչնչացվում է կանեփի ու կակաչի մշակված ու վայրաճ բուսականությունը:
«Կանեփ-կակաչ-2018» միջոցառումը սկսվեց օգոստոսի 6-ին: Առաջին օրը հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու տոննա կանեփի և յոթ կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված:
Տնամերձ երկու հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 18 թուփ: Իսկ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է դեղականաչավուն զանգված:
Համալիր միջոցառման ընթացքում գրանցվում են նաև այլ արդյունքներ: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 287 փամփուշտ, երկու նռնակ, ինքնաձիգի երկու պահունակ, մեկ ինքնաշեն հրազեն և մեկ ակոսափող հրացան: Հայտնաբերվել է 11 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: