ՄամուլՏեսանյութ

Այս պահին Աշոցքի տարածաշրջանում խիստ սառնամանիք է

Այս գիշեր հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է -37.0°C՝ Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում:

Այս պահին Աշոցքի տարածաշրջանում խիստ սառնամանիքը պահպանվում է․ եղանակը կայուն է՝ առանց էական փոփոխությունների։

Օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ շատ ցածր, ինչն Աշոցքն առանձնացնում է հանրապետության մյուս բնակավայրերից։

Տարածքում տիրում են ձմեռային ծանր պայմաններ, ցուրտն առավել զգալի է հատկապես գիշերային և վաղ առավոտյան ժամերին։

Հիշեցնենք, որ անցած գիշեր Հայաստանում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հենց Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև -37 աստիճան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է -22-ից -28 աստիճան սահմաններում։ Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ հասնելով մինչև -18 աստիճանի։

Սուրենյանը նշել է նաև, որ առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով, և մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ։ Օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում սպասվում է հունվարի 8-ից սկսած։

Առավել մանրամասն՝ Oragir.news-ի տեսանյութում: