Այս ընտրությունների արդյունքները անկանխատեսելի են և չեն կարող որոշվել որևէ կաբինետում․ Արթուր Սաքունց
Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․
«Հասկանալի է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված թեժ քաղաքական և ոչ քաղաքական, գաղափարական և խիստ անձնավորված, ընդհուպ թիրախավորված քննարկումներ են ընթանալու։
Ամեն մեկն ըստ իր ճաշակի, ակնկալիքների, գաղափարների, պատկերացումների և արժեհամակարգի և ներկայանալու, քննարկելու, վերլուծելու, քննադատելու, սևացնելու և սպիտակացնելու, կամ գունավորելու…
“Էլ քաչալ շուն, էլ գող փիսո” երանգներից էլ զերծ չենք մնալու։
Ինչ էլ անեք, չանեք, խոսքս առաջին հերթին թեկնածուներին է վերաբերվում, պետք է արժանապատվորեն հաղթահարենք, անցնենք, ապրենք այս կարևոր հանգրվանը, փորձությունը։
Պետք է հաղթի ՀՀ քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ արդյունքներից։
Ընտրությունները պետք է լինեն բացարձակապես ազատ և արդար ընթացակարգերով, ընտրողները պետք է բացարձակապես ազատ լինեն իրենց ընտրությունը կատարելիս։
Սա անհրաժեշտ պայմանն է ընտրական ինստիտուտի, ընտրությունների նկատմամբ ընտրողների վերջնական և անդառնալի վստահության վերականգնման և հաստատման համար։
Որևէ կուսակցական կամ քաղաքական շահ ու մտածմունք մեկ լումա չարժեն, եթե խաթարվի վերջին տեղական ընտրությունների արդյունքում ընտրությունների նկատմամբ ձեռք բերված հանրային վստահությունը։
Գաղափարական առումով, իհարկե կշահենք, եթե ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայության սկզբունքը արժևորող ուժերն ունենան մեծամասնություն գալիք ԱԺ֊ում, ոչ թե պոպուլիստական ուժերը։
Բայց մեկ կարևոր հանգամանք ևս ակնհայտ է. ի տարբերություն անցած տասնամյակների ընտրությունների, այս ընտրությունների արդյունքները ևս անկանխատեսելի են և չեն կարող որոշվել որևէ կաբինետում, լինի Երևանում, Կրեմլում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում։
Վերջնական արդյունքները որոշելու է ՀՀ քաղաքացին իր քվեարկությամբ»։