Այս դպրոցն ամեն պահի կարող է փլվել երեխաների վրա, իսկ մկները մտնում են պայուսակների մեջ. (Լուսանկարներ)
Պտղունքի դպրոցն արդեն 15 տարի հայտարարված է վթարային: Դպրոցի պատերն ու առաստաղը քանդվում են, տարիներ առաջ նախագծված նոր դպրոցն այդպես էլ չի կառուցվում: Դպրոցը լի է մկներով, որոնք, երբեմն, նույնիսկ երեխաների պայուսակների մեջ են մտնում, եթե այնտեղ ուտելու բան է լինում, դուրս են գալիս հատակի հսկա ճեղքերից ու խրխրթացնելով դասի ժամանակ շեղում երեխաների ուշադրությունը:
Այս մասին մեզ պատմեցին Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի աշակերտները: Աղջիկներից մեկն էլ՝ խոստովանեց՝ մկներից շատ է վախենում, բայց դպրոց չհաճախել չի կարող: Ուսուցիչների համար, սակայն, մկներն իրենց կրթօջախում չարյաց փոքրագույնն են: Նրանց ավելի շատ անհանգստացնում են պատերից թափվող քարերը, ճոճվող հատակն ու անձրևաջրերից փլվող առաստաղը:
«Անձրևի ժամանակ գետնին թասեր ենք դնում, որ դպրոցը չհեղեղվի»,- ասաց Պտղունքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քնարիկ Թորոյանը,- «դպրոցի դահլիճն ու մարզադահլիճն այնպիսի վիճակում են, որ վախենում ենք երեխաներին ներս թողնել՝ վազելուց, թռնելուց կարող է փլվել»:
1946թ-ին կառուցված դպրոցի շենքը 4-րդ կարգի վթարային է, պատերը ճաքած են, խարխլված: «Ամիսներ առաջ ուսուցչանոցի առաստաղից մի մեծ կտոր պոկվել, ընկել էր ուսուցիչներից մեկի կողքը»,- պատմում է տնօրենի պաշտոնակատարն ու հավելում, որ բարեբախտաբար ուսուցչուհին չէր տուժել:
Դպրոցի պատուհանները կամ կոտրված են, կամ չեն փակվում: Ամեն տարի գյուղապետարանը պոլիէթիլենային թաղանթով պատում է դրանք՝ երեխաներին ցրտից պաշտպանելու համար: Բայց դա էլ չի օգնում, աշակերտների մեծ մասը ձմռանը հիվանդանում են ու բացակայում դասերից:
Դպրոցը նաև սանհանգույց ու ջուր չունի: Զուգարանը կառուցված է բակում: Աշակերտները ստիպված են լինում նույնիսկ ձմռան ցրտին դպրոցից դուրս գալ՝ կարիքները հոգալու համար: «Արդեն 20 տարի խոսք են տալիս, որ դպրոցը պիտի վերակառուցվի, նույնիսկ երկու նախագիծ կար, բայց ինչպես կազմվել են, այնպես էլ մնացել են դարակներում:
Այսինքն՝ մեր պետությունը նախագիծ պատվիրելու գումար ունի, բայց դպրոց կառուցելու՝ ոչ»,- ասաց Թորոյանը: Պտղունքը Երևանից ընդամենը 11 կմ է հեռու, բայց տարիներ շարունակ դուրս է մնացել և մարզպետարանի և կրթության ոլորտի պաշտոնյաների ուշադրությունից:
Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքւմ: