Մամուլ

Այսօր Սուրբ Ներսես Հայրապետի հիշատակության օրն է

Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծ անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը:

Սուրբ Ներսես Ա Պարթեվը Լուսավորչի սերնդից միակ Հայրապետն է, որ ծնվել է Հայաստանում: Ներսես Մեծ Հայրապետը (մոտ 329–373/, ամփոփված է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 353-ից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնելի սուրբ է Վրթանես Ա Պարթևի թոռը: Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցուն:

Հունական կրթությունն ստացել է Կեսարիայում: Վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է արքունի սենեկապետ: 351-ին Արշակ Բ-ի հանձնարարությամբ մեկնել է Կոստանդնուպոլիս և վերականգնել հայ-հռոմեական դաշինքը, Հայաստան բերել Կոստանդիոս կայսեր մոտ պատանդ պահված Հայոց թագավորի եղբորորդիներ Գնելին և Տիրիթին, ինչպես նաև կայսեր վաղամեռիկ եղբոր նշանածին՝ Օլիմպիային՝ Արշակ Բ-ի հետ ամուսնացնելու նպատակով:

Առաքելությունը հաջող կատարելու համար Արշակ Բ ավագանու ժողովում Ներսես Ա Մեծին շնորհել է հոգևոր բոլոր աստիճանները, կարգել Հայոց կաթողիկոս և ուղարկել Կեսարիա՝ օծվելու: 356-ին Ներսես Ա Մեծի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ ավանում եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ գումարվել է հայկական եկեղեցական կանոնադիր ժողովը, ընդունվել են եկեղեցական և աշխարհիկ բնույթի բազմաթիվ որոշումներ:

Օգտվելով իր մեծ հեղինակությունից՝ Ներսես Ա Մեծը փորձել է վարել եկեղեցին պետությունից բարձր դասելու, աշխարհիկ իշխանության ներքին գործերին միջամտելու քաղաքականություն: 359-ին, դժգոհելով Արշակ Բ-ի՝ առանձին նախարարական տներին հալածելու քաղաքականությունից, Ներսես Ա Մեծը թողել է կաթողիկոսական գահը, սակայն 364-ին, արքայի խնդրանքով, կրկին ստանձնել է Հայ եկեղեցու հովվապետությունը և գլխավորել հայ-հռոմեական լարված հարաբերությունները կարգավորելու նպատակով Կոստանդնուպոլիս մեկնող պատվիրակությունը:

nerses mec hayrapet

Արշակ Բ-ի մահից հետո Ներսես Ա Մեծի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի խնդրանքով բյուզանդացի Վաղես կայսրը պատանդությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել Արշակ Բ-ի որդուն՝ Պապին:

Ներսե Ա Մեծը ծավալել է հոգևոր-կրթական մեծ գործունեություն, եղել Հայ եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը: 

Հետագայում հայրապետական աթոռի գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: 

Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: 

Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: 

Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: 

Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:

Կիսվել