ԱշխարհՄամուլ

Այսօր Սոչիում հրդեհի հետևանքով հայ է զոհվել․ Զոհվածներից 3-ը մեկ ընտանիքից են

Սոչիի մասնավոր տներից մեկում այս գիշեր բռնկված հրդեհը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հաստատում է` հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։

«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների համաձայն, Սոչի քաղաքի մասնավոր տներից մեկում հուլիսի 30-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի, 1950թ.-ին ծնված Նիրվարդ Հարությունյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայտնի է, որ հրդեհից հետևանքով զոհվել է ութ մարդ, մեծ մասը՝ ԱՊՀ քաղաքացիներ։ Դեպքի առնչությամբ ներկայումս ընթանում է հետաքննություն։ 112 տելեգրամ ալիքի տվյալներով` զոհվածներից 3-ը մեկ ընտանիքից են։ Շինության 1-ին հարկում նրանք հայկական խոհանոցի սննդի կետ էին բացել։ Զոհված մարդկանցից 5-ի մարմինները հենց սննդի կետում են հայտնաբերվել` սեղանների մոտ։ Ընտանիքի հայրը` Էդուարդ Սիմոնյանը, այս պահին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա 16-ամյա որդին ևս այրվածքներ ունի։ Հրդեհի պահին նա թռել է պատուհանից։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի:

Աղբյուր՝ armeniaspunik.am

Կիսվել