Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Այսօր հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ, Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։
Երբ Սերգեյը հազիվ 6 տարեկան էր, նրա հորը ձերբակալեցին։ Հեղափոխությունից հետո Փարաջանովների ունեցվածքը բռնագրավեցին, իսկ նրա հոր բիզնեսը որակեցին որպես հանցավոր։ Այդուհանդերձ, Փարաջանով֊ավագը չկարողացավ մինչև վերջ հրաժարվել հնավաճառությունից, ինչի պատճառով հաճախակի հայտնվում էր ազատազրկման վայրերում։
Հայտնի է, որ Փարաջանովը յուրաքանչյուրին կարող էր ապշեցնել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ կոտլետներն ափսեի մեջ պիտի դասավորված լինեին որոշակի կարգով, իսկ բաժակը սեղանի վրա պիտի զբաղեցներ հատուկ տեղ։ Փարաջանովը կինոյի ու նկարների անիրական աշխարհից վերցված իր ֆանտազիաները տեղափոխում էր իրական կյանք։
Նա կարող էր շարունակաբար տուն հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Ասում են, մի անգամ նա երկու օր ու գիշեր խնջույք է կազմակերպել կայարանամերձ ռեստորանում՝ վճարելիք գումարը դուրս հանելով կանացի գուլպաներից։ Նա իր ընկերներին ողողում էր շքեղ ընծաներով, թեպետ, իհարկե, երբեմն նաև մտափոխվում էր և այդ ընծաները հետ վերցնելով՝ նվիրում էր ուրիշին։