ՄամուլՄշակույթ

Այսօր նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Մհեր Մկրտչյանը ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասանուհիներ Դոնարա Մկրտչյանի, ապա` Թամար Հովհաննիսյանի ամուսինը, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի եղբայրը: 1946թ. սովորել է Լենինականի նկարչական ուսումնարանում և հրավիրվել դրամատիկական թատրոն (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), սովորել է դրամատիկական ստուդիայում և միաժամանակ խաղացել` հանդես բերելով գրոտեսկային ցայտուն դերապատկեր ստեղծելու, կերպարը սրամտորեն «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրք:

Աչքի է ընկել Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Տրուֆալդինո) ներկայացումներում: 1953-56թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում: 1953-88թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

Դերասանի արվեստին բնորոշ են եղել կոմիկականի և հերոսականի զուգակցումը, հումորի սքանչելի զգացողությունը, պարզ ու տպավորիչ արտահայտչամիջոցները:

Խաղացած ներկայացումներից են` Ժ.Հարությունյանի «Սրտի արատ» (Գվիդոն), «Ղազարը գնում է պատերազմ» (Ղազար), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Պաղտասար), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի, Զամբախով), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Հայրապետ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), Մ.Գորկու «Հատակում» (Բարոն), Գ.Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը» (Եզովպոս), Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (Սիրանո) և այլն:

Մհեր Մկրտչյան

Վերջին դերը եղել է Հացթուխը` Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացման մեջ, որտեղ եղել է նաև ներկայացման ռեժիսորը: Հանդես է եկել ռադիոյի և հեռուստատեսային բեմադրություններում:

Նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում` «Պատվի համար» (1956թ.), «Ինչու է աղմկում գետը» (1959թ.), «01-99» (1959թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1971թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Հայրիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Նահապետ» (1977թ.), «Զինվորն ու փիղը» (1977թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Հատակում» (1987թ.) և այլն:

Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում` «Կովկասի գերուհին» (1966թ.), «Միմինո» (1977թ.), «Ալի Բաբան և 40 ավազակները» (1979թ.), «Ունայնություն, ունայնության» (1979թ.) և այլն: 1988թ. Երևանում հիմնադրել է արտիստական թատրոն և թատրոն-ստուդիա, որտեղ եղել է գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Թատրոնը 2004թ-ից կոչվում է նրա անունով:

Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների, պատվոգրերի, մեդալների, 1975թ.` Հայաստանի, 1979թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2001թ., հետմահու):

1971թ. արժանացել է Հայաստանի, 1980թ.` Վրաստանի, 1984թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում և Վանաձորում, Գյումրիում գործում է նրա թանգարանը:

Կիսվել