Մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից․ Նիկոլ Փաշինյան
«CEPA-ն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ԵՄ հետ գործընկերության և ՀՀ բարեփոխումների առաջխաղացման համար». Վարչապետն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը:
Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար:
Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը:
Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին: Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին:
Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար: Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին:
Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին:
Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը:
Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը:
Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար:
Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ–ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին:
Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել:
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար: Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ: Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության և նախագահ Ալիևի հետ մեր վերջին հանդիպումների շուրջ»: