Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է։
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:
1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
Աշխատանքային փորձ
1976-1990թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:
1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում:
1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Ռուսաստանի (Մոսկվայի պետական համալսարան), Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:
1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:
2013 -2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:
2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Պարգևներ
2018թ. պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանով
2017թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
2008թ. Ամենայն հայոց կաթողիկոս Նորին սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:
1997թ. Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:
Այլ
Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։
Կինը՝ Նունե Սարգսյանը, ծնվել է Երեւանում:
Արվեստաբան է, գրող: