Մամուլ

Այսօր եթե դուրս գանք բակ, կտեսնենք այն պատկերը՝ ինչ ցուցադրված է ֆիլմում․Արմինե Գասպարյան

Armlur.am-ը զրուցել է Արմինե Գասպարյանի հետ՝ ով մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսի կնոջ՝ Աննայի կերպարը:

-ԿԳՄՍ-ն հայտարարություն էր տարածել, որ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, Դուք ի՞նչ եք կարծում:

-Նախ նշեմ, որ յուրաքանչյուր երկրում ամեն օր ստեղծվում են տարբեր ժանրերի հազարավոր ֆիլմեր՝ ըստ տվյալ երկրի կինոարտադրության հնարավորությունների և պահանջարկի։ Եվ յուրաքանչյուր ժանրի ֆիլմ ունի իր կինոդիտողը։ Ճաշակի և նախընտրության հարց է։

Օրինակ ես դիտում եմ կոմեդիաներ, մելոդրամաներ և գիտաֆանտաստիկ ֆիլմեր։ Ինչ վերաբերում է Գոռ Վարդանյանի նկարահանած «Կայսրության Թևերը» ֆիլմին, որտեղ որպես դերասանուհի ունեմ նաև իմ մասնակցությունը, ապա այդ ֆիլմն ունի իր ասելիքն ու ժանրը՝ քրեական դրամա, որը ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրական իրադարձությունները։

Ինչ վերաբերում է վարքային դրսևորումների ընդօրինակմանը․ յուրաքանչյուր երեխայի դաստիարակության համար պատասխանատու է իր ծնողը, ով օգնում է կյանքի տարբեր իրավիճակների և երևույթների նկատմամբ ձևավորել վերաբերմունք և աշխարհայացք՝ լինի դա տգեղ խոսելաձև, վատ սովորություններ, թե բարեկրթության կանոններ։

Այսօր եթե դուրս գանք բակ, կտեսնենք այն պատկերը՝ ինչ ցուցադրված է ֆիլմում, հարցն այն է, թե դա ցուցադրելն ինչ նպատակ ունի։ Եզրակացությունները ճիշտ կլինի անել ֆիլմն ամբողջությամբ դիտելուց հետո։ Այսօր ամբողջ քաղաքը ողողված է երիտասարդների, անչափահասների շրջանում սինթետիկ թմրանյութերի առք ու վաճառքով՝ օրը ցերեկով, կարծում եմ դա ավելի մտահոգիչ է, քան որևէ ֆիլմի քննադատությամբ զբաղվելը։ Թեպետ դա էլ է նորմալ։

Գոռ Վարդանյան

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ֆիլմը հասավ Դատախազություն, ինչո՞ւ այսքան քննադատվեց ու ինչպե՞ս եղավ Ձեր մասնակցությունը ֆիլմում:

-Իրականում նորմալ եմ վերաբերվում ցանկացած քննադատության, ու շատ ողջունելի է, բայց․․․ Պետք է հասկանալ, որ ֆիլմը դա ֆիլմ է, որը կարող եք նայել կամ չնայել։ Շատ ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարությունն այդքան ուշադիր և հետևողական է մեր սերունդների դաստիարակման և վարքագծի դրսևորման նկատմամբ, միայն Գոռ Վարդանյանը չէ, որ այդ ժանրի ֆիլմեր է նկարում։ Այդ նույն համատեքստում ինչու են թատրոններ փակում, բուհեր միավորում, կամ դասագրքերում Հայոց պատմությունը խեղաթյուրում, որն արդեն պատմական և ճակատագրական ազդեցություն ունի մեր ազգի համար։

Գոռ Վարդանյանի ֆիլմերն ընտրություն ունեն դիտելու, կամ ոչ, իսկ այն համակարգային խեղաթյուրումը, որը տեղի է ունենում կրթական համակարգում, ցավոք պարտադրված է։ Որպես դերասանուհի ես Գոռ Վարդանյանի հետ համագործակցել եմ նաև շատ տարիներ առաջ «Վրիժառու 2» ֆիլմի շրջանակներում ՝ մարմնավորելով Ռայայի կերպարը, այդ ժամանակ էլ հիշում եմ բավականին շատ քննադատությունների արժանացա այդ կերպարի համար, քանի որ մենք խնդիր ունենք կերպարը տվյալ դերակատարի անձի հետ ասոցացնելու։

Այս անգամ էլ, երբ առաջարկը ստացա մարմնավորելու գլխավոր հերոսի կնոջ՝ Աննայի կերպարը, շատ երկար քննարկումներ ունեցա ֆիլմի ռեժիսորի հետ, որից հետո միայն նկարահանվեցի։ Ինձ համար որպես դերասանուհի կարևոր է, որ կերպարը լինի բազմագույն, բազմաշերտ և իր մեջ ունենա հակասություններ, որի շնորհիվ կլինի կամ սիրված կամ չսիրված։ Հավանաբար այն քիչ դերասանուհիներից եմ, ով չի խուսափում տգեղ կամ անցանկալի երևալուց:

-Գոռ Վարդանյանը մշտապես նմանատիպ ֆիլմեր է ներկայացնում, ինչով էր տարբերվում սա, որ այսքան քննադատվեց:

-Այո, Գոռ Վարդանյանն անհիշելի ժամանակներից է նկարահանում նմանատիպ ֆիլմեր, բնական է՝ կարատեիստ մարդը դժվար մելոդրամաներ կամ կոմեդիաներ նկարեր։ Ամեն ֆիլմ մի կյանքի պատմություն է, և նրա բոլոր ֆիլմերը միշտ քննադատվել և մեծ աղմուկ են բարձրացրել։ «Կայսրության Թևերը» ֆիլմն էլ բացառություն չէ։

Կիսվել