Այսօր դպրոց կհաճախեն 1-ին դասարանցիները, վաղը՝ մնացած աշակերտները. Ինչ պայմաններ են սահմանված դպրոցներում
Այսօր դպրոց կհաճախեն 1-ին դասարանցիները, վաղը՝ մնացած աշակերտները. Ինչ պայմաններ են սահմանված դպրոցներում
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին դպրոց կհաճախեն առաջին դասարանցիները, իսկ մնացած աշակերտների համար ուսումնական տարին կսկսվի վաղվանից:
Դպրոցի մուտքի մոտ աշակերտները ջերմաչափվելու են։ Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան։ Մատյանում գրանցվում են միայն 37 եւ ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։ Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը եւ տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։
Օրվա ընթացքում անձնակազմը եւ սովորողներն ապահովվելու են անհրաժեշտ դիմակներով եւ ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։
Դպրոցի ներսում սովորողների շարժն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը:
Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ եւ ըստ անհրաժեշտության:
Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003): Սովորողների ընտանիքներում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի արձանագրման դեպքում ապահովվում է նույն դասարանում/խմբում սովորողների նկատմամբ բժշկական հսկողություն:
Բացառվում է սովորողի հաճախումը դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝
ա. սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որեւէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի․
բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ․
գ. տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, եւ առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:
Ծնողներն պետք է ամրապնդեն երեխաների ձեռք բերած նոր հիգիենիկ վարքագիծը տանը գտնվելու ընթացքում:
Դպրոց սովորողների մուտքն անհրաժեշտ է ապահովել այնպես, որ բացառվեն կուտակումները եւ ապահովվի սոցիալական հեռավորություն: Այդ նպատակով հասանելի պետք է լինեն դպրոցի բոլոր մուտքերը, ինչես նաեւ՝ դպրոցի բակում կամ օգտագործելի հարող տարածքում իրականացվում է գծանշում՝ ըստ դասարանների։ Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանվի դպրոց հաճախելու առանձնահատուկ գրաֆիկ։