Մամուլ

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ) ծնվել է 1951թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգեւոր ճեմարան: 1970թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ:

1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան հոգեւոր ճեմարանը եւ նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1972թ. Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա:

Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում: 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում:

1979թ. վերադարձել է Մայր Աթոռ եւ Վազգեն Ա. Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ`ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին` Առաջնորդական փոխանորդ:

Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ եւ տիտղոս: 1989թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը:

1992թ. նրա ջանքերով մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրեւ Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգեւոր ու գեղագիտական կրթություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոս

1990թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը` թվով 56 հանրակրթական դպրոցներում: 1990թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է:

1995թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի:

1998թ. Գարեգին Ա. Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է Կաթողիկոսական ձեռնադրություն եւ օծում:

Գարեգին Բ. Հայրապետն առ այսօր պարգեւատրվել է` Հորդանանի բարձրագույն Ա. կարգի շքանշանով (2000թ.), «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն պարգեւ,«Ռումինիայի աստղ» շքանշանով (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշանով (2001թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով (2004թ.), Ռուսաստանի Դաշնության «Բարեկամության շքանշան»- ով (2006թ.), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2007թ.), Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2009թ.):

2009թ. պարգեւատրվել է «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար» Ալեքսի Բ. Պատրիարքի անվան. մրցանակով:

2001թ. Նորին Սրբությանը շնորհվել է Արցախի պետական համալսարանի, իսկ 2004 թ. Երեւանի Պետական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի եւ ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից Վեհափառ Հայրապետն առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001 թ. ակադեմիայի տնօրինության կողմից Նորին Սրբությանը շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2003թ. Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում: 2008թ. Նորին Սրբությանը շնորհվել է Սալեզիանի Պապական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Նորին Սրբությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, ինչպես նաեւ «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի նախագահն է:

Կիսվել