Ազատ խոսք

Այսօրվա դրությամբ, Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. Փաշինյան

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ առաջին 7 ամիսների տվյալներով մենք տնտեսական ակտիվության 7 տոկոսանոց ցուցանիշ ունենք: Ընդ որում՝ մեր տնտեսության հիմնական ճյուղերը աճում են, բավականին լավ աճի տեմպ ունենք: Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՏԱՑ-ը վերջին ամիսների տվյալներով արագացման որոշակի միտումներ է ցուցաբերում, որովհետև հուլիսին ունեցել ենք 9.1 տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իհարկե, 7 ամսվա տվյալներով որոշակի մտահոգիչ է մշակող արդյունաբերության թիվը: Բայց այստեղ վերաարտահանման հետ կապված պրոցեսներ կան, որոնք փոխվել են, հուլիսին 4.2 տոկոս աճ ունենք արդյունաբերության, բայց արդյունաբերությունը մեր ամենաթույլ կետերից է եղել ավանդաբար: Բայց ես կարծում եմ, որ քաղաքական և տարածաշրջանային պրոցեսները, այդ թվում՝ սպասվող ապաշրջափակումը, ՀՀ-ն պետք է դուրս բերեն նոր որակ և նոր հարթություն:

Այս առումով պետք է ընդգծեմ, որ, իհարկե, շատ ամբիցիոզ է հնչում այդ հայտարարությունը, բայց պետք է ընդգծեմ, որ հենց այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ, ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում: Սա ես չեմ ասում որպես որևէ արտառոց բան, որովհետև հենց մեր ցանկացած զարգացման տրամաբանությունն այն է, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը:

Նախորդ շրջանում, մասնավորապես՝ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ես միջին աշխատավարձերի համեմատությունն արեցի աշխատատեղերի և արձանագրեցի, որ ՀՀ քաղաքացիները 2018 թվականի համեմատ առնվազն 50 տոկոսով ավելի լավ են ապրում: Խոսեցինք գյուղատնտեսության մասին, խոսեցինք շինարարության մասին, որն աճում է, ծառայությունները աճում են, առևտուրը աճում է, հուլիսին ունենք արդյունաբերության աճ»,- նշեց վարչապետը: