Այսպիսի նվեր մատուցել Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չէր կարող․ Փաշինյանին դա հաջողվեց․ Անի Սամսոնյան (Տեսանյութ)
Այսպիսի նվեր մատուցել Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չէր կարող․ Փաշինյանին դա հաջողվեց․ Անի Սամսոնյան (Տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է, որ իր համար զարմանալի չէր դատարանի կայացրած որոշումը՝ կապված Ռոբերտ Քոչարյանին և նրա ենթականերին Մարտի 1-ի գործով արդարացման հետ:
-Տիկի՛ն Սամսոնյան, դատարանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին և նրա ենթականերին Մարտի 1-ի գործով։ Համաձա՞յն ենք այն պնդումների հետ, որ գործը փակման եզրին է, և որ դա քաղաքական որոշման արդյունք է։ Որոշներն անգամ իշխանության և Քոչարյանի միջև են պայմանավորվածություն տեսնում՝ ընտրություններին ընդառաջ։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։
-Միշտ կարելի է գտնել պայմանավորվածություն։ Եթե չճանաչեին հակասահմանադրական, այդ պարագայում քննադատություններ կլինեին այն մասին, որ Սահմանադրական դատարանը չի գործել օբյեկտիվ։
Հիմա ճանաչել են հակասահմանադրական, խոսում են այն մասին, որ կան պայմանավորվածություններ։ Ես միայն մի բան կարող եմ ասել՝ փաստարկ չունեմ պայմանավորվածությունների մասին, բայց այսպիսի նվեր մատուցել Ռոբերտ Քոչարյանին, ես կարծում եմ՝ ոչ ոք չէր կարող․ Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց։
-Երբ ասում եք, որ նվեր է Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ նկատի ունեք։
-Այն, որ փաստորեն՝ առաջադրված է մի հոդված, որն իրականում հակասահմանադրական է և այդ հոդվածով որևէ արարք չի կարող պատժվել։
-Արտահերթ ընտրություններ են սպասվում։ Դուք բացառո՞ւմ եք կոալիցիան Փաշինյանի կամ այսօր ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերի հետ։
-Մենք լավ գիտակցում ենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ևս կարող է ստեղծվել քաղաքական ճգնաժամ։ Եվ այդ քաղաքական ճգնաժամը մեզ համար ունի կոնկրետ դերակատարներ՝ դա Նիկոլ Փաշինյանն է, որ պառակտում է հանրությանը՝ սև ու սպիտակի բաժանող, պետությանն ավտովթարի ենթարկող և, ըստ էության, իրեն սպառած մի վարչապետ, և երկրորդը Ռոբերտ Քոչարյանն է, որը չհաշված այն, որ ունի աջակիցներ, բայց նա հանրության մեջ ունի բացասական ընկալումներ՝ մարդիկ հիշում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները և չեն ուզում նրա վերադարձը։
Այս երկուսի վարչապետության դեպքում մենք ունենալու ենք խորը քաղաքական ճգնաժամ և, միգուցե, նաև հանրային հիասթափություն։ Մենք մեր առջև դրել ենք երկու սկզբունքային որոշում, որ ո՛չ թույլ ենք տալու՝ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ո՛չ էլ թույլ ենք տալու՝ Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ։ Այսինքն՝ կոալիցիան այս երկու անձանց վարչապետությամբ մենք բացառում ենք։
Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում