Այսուհետ հրավառության իրավունք կունենան բացառապես իրավաբանական անձինք. Տուգանքը՝ 1-2 մլն դրամ
ԱԺ-ին այսօր մարտի 21-ին, երկրորդ ընթերցմամբ 96 կողմ ձայներով միաձայն ընդունեց Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելուն ուղղված «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ու հարակից փաթեթը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս փաթեթով առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում եւ ստանա հրավառություն անելու թույլտվություն:
Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքով, թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է:
Նա նաեւ տեղեկացրել է, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու: Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, եւ որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը:
Նյութի աղբյուրը՝ news.am